«Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը Երեւանում կանցկացվի հուլիսի 13-ից 20-ը:
2015թ-ին կայանալիք կինոփառատոնի առանցքում լինելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմեր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ արդեն մի քանի տարի է՝ իրենք գումար են հատկացնում քուրդ, թուրք, իրանցի և հայ կինոռեժիսորներին, ովքեր Ցեղասպանության թեմայով ֆիլմ են նկարահանում:


«Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերից մեկով էլ կբացենք փառատոնը: Ի դեպ, այդ ֆիլմերը կցուցադրվեն նաև արտասահմանում: Ես արդեն պայմանավորվածություն ունեմ Բելգիայի, Դանիայի հետ:

Փառատոնի ավարտից հետո էլ կհրատարակվի մի գիրք, որում կներկայացվեն բոլոր ֆիլմերը, որ դրսի հանդիսատեսի համար ավելի հեշտ լինի Ցեղասպանության թեմայով ֆիլմեր գտնելը»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ հաջորդ տարի կցուցադրվի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի կողմից նկարահանվող` Ցեղասպանությանը նվիրված ֆիլմը:


Ասուլիսին ներկա էր նաեւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով իր խոսքում նշեց, որ փառատոնը հատկապես կարեւոր է երիտասարդներին խրախուսելու առումով։
« «Ոսկե Ծիրանը» միայն կինոփառատոն չէ, այն մեր առօրյան է, քաղաքը, որն այդ օրերին կերպարանափոխվում է»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ սա այն եզակի դեպքերից է, երբ փառատոնը հավատարիմ է մնում իր սկզբունքներին։

 

Իսկ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ արդեն 1500-ից ավելի հայտ են ստացել շուրջ 100 երկրից։

«Ամենաշատ հայտերը՝ թվով 140, ստացել ենք Գերմանիայից, այնուհետ՝ Ռուսաստանից՝ 120 հայտ, ապա Ֆրանսիա, Իտալիա, Պարսկաստան։ Հայաստանից 59 հայտ է ստացվել»,-ասաց նա:
Ի դեպ, «Ոսկե Ծիրան» 12-րդ կինոփառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին։ Այդ նպատակով փառատոնի բացումը եւ փակումը կանցկացվի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Սակայն երկմտանք կա, թե ռեժիսորի ո՞ր ֆիլմով կարելի է բացել փառատոնը՝ վերականգնված «Նռան գույնո՞վ», թե՞ ռեժիսորի ավելի քիչ հայտնի ֆիլմերով։