«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանի առողջական վիճակը գնալով ավելի է վատանում:
Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց խմբագրություն ահազանգած դատապարտյալի մայրը՝ Ռոզա Սարդարյանը:
Ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր, որ դատապարտյալին «Դատապարտյալների հիվանդանոցից» անսպասելի ձևով տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ, որից հետո էլ նա ոտքերը մեխել էր:
Ռոզա Սարդարյանը հայտնեց, որ մի ոտքը բորբոքվել, ուռել և կապտել է և ցավին չի կարողանում դիմանալ:
«Ամբողջ ձախ ոտքը թարախակալել է և ուռել: Ցավին չի կարողանում դիմանալ ու ոչ մի բժշկական միջամտություն չեն կարողանում ցույց տալ: «Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքույր է գնում, սակայն ասել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել: Պետք է ոտքը ճղեն, որպեսզի թարախային հատվածը դուրս գա»,-իր խոսքում ասաց Ռոզա Սարդարյանն ու հավելեց, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցներն իրենց հնարավորության սահմաններում օգնություն են ցուցաբերում:
Ըստ նրա՝ դատապարտյալ Արթուր Սմբատյանին անհրաժեշտ է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» և շտապ բուժօգնություն ցուցաբերել, սակայն ՔԿՀ վարչությունից թույլտվություն չեն տալիս:
«Նրան երկար չի կարելի այդ վիճակով թողնել, կարող է գանգրենա առաջանալ և ոտքը կկտրեն: Իսկ վարչությունից դեռևս ոչ մի արձագանք չկա»,-ասաց Ռոզա Սարդարյանն ու հավելեց, որ այսօր ևս մեկ նամակ-խնդրանք է ուղարկել ՔԿՀ պետ Հայկ Հարությունյանին: