Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում մասնակցել են այս տարվա ապրիլի 1-ից նշված տարածքում ԱՄՆ-ի պետդեպարտամենտի դոնորական աջակցությամբ մեկնարկած ականազերծման աշխատանքների մոնիտորինգին: Ականազերծման աշխատանքներն իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների 16 հաստատված ականավտանգ տարածքներում` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի հիման վրա` «ՀԱԼՕ Թրաստ» (HALO Trust) միջազգային կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի 21 ականազերծողների աջակցությամբ և տևելու են մեկ տարուց ավելի` հետագայում շարունակություն ստանալու հեռանկարով: Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնում են Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (FSD) մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին և ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանին ներկայացվեց տվյալ տարածաշրջանում ականային վտանգների, դրանց մասին հանրային իրազեկման մեխանիզմների և ականազերծման աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը բարձր գնահատեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի համակարգմամբ և ՀՀ ԶՈՒ ականազերծողների ու միջազգային աջակցությամբ իրականացվող ականազերծման աշխատանքները, նշելով, որ սա անցյալ տարի իրականացված ականազերծման աշխատանքներից և ականային վտանգներից զերծ տարածքների հավաստագրումից հետո ՊՈԱԿ-ի առաջին համատեղ միջազգային նախագիծն է: Դավիթ Տոնոյանը հույս հայտնեց իրականացվող աշխատանքների շարունակականության ապահովման ու ՀՀ ականավտանգ տարածքների վերջնական ականազերծման վերաբերյալ: ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի կողմից ևս կարևորվեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ականազերծման աշխատանքների իրականացումը և բնակիչների համար անվտանգ տարածքների ապահովումը:
Այցի ավարտին ականազերծման աշխատանքների իրականացման ընթացքում Սրաշենի տարածքում հայտնաբերված առաջին ականի պայթեցումն իրականացվեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի կողմից` ի նշան արդյունավետ համագործակցության: