Մայիսյան տոների կապակցությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել PC electronics ընկերությունը:
Մայիսի 7-ին` մայիսյան տոների նախաշեմին, Հանրապետական կենտրոնական զինկոմիսարիատի բակում ընկերության ներկայացուցիչները հաշմանդամ զինվորականների, հայրենյաց սահմանների պաշտպանության համար մղված մարտերում ակտիվ մասնակցություն ունեցած և այսօր էլ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զինծառայողների հանձնեցին նվերներ: Միջոցառմանը ներկա էին մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ:
Ջերմագին շնորհավորանքներ և արժեքավոր նվերներ ստացան 11 զինծառայող հաշմանդամներ և ՀՀ ու Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտերին ակտիվորեն մասնակցած 19 զինծառայողներ, ովքեր այսօր էլ մեծ նվիրումով ծառայում են հայկական զինված ուժերում:
Շնորհավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձերի կապակցությամբ` թե պաշտպանության նախարարության և թե PC electronics կազմակերպության ներկայացուցիչները ևս մեկ անգամ արժևորեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ազատագրական ոգով մարտի ելած խիզախ հայորդիների սխրանքը: Նրանք նաև վստահեցրին, որ երբեք ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում և որ մայիսյան փառավոր տոների նախաշեմին պատրաստած նվերները նվազագույնն են, ինչով կարող են մի փոքր ուրախություն պարգևել հատկապես հաշմանդամ զինվորականներին և նրանց ընտանիքների անդամներին: