Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այսօր կկայանա «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Յոթերորդ համարի ներքո ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը:
Երևանցիներն ակնկալում են, որ հաջորդ տարի Եվրատեսիլը կանցկացվի հենց Հայաստանում: YerevanNews.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացիները նշեցին, որ այսօր հետևելու են Արամ MP3-ի կատարմանը. «Ցավոք, չեմ կարող քվեարկել նրա օգտին, սակայն հոգով Արամի հետ եմ», «Կարծում եմ` լավագույն կատարումն ա այս տարվա Եվրատեսիլում», «Համ երգը, համ էլ լուսային էֆեկտները շատ լավն էին»,- իրենց տպավորություններով կիսվեցին երևանցիները:
Մեր քաղաքացիներին միայն զայրացրել է սկանդալային Կոնչիտա Վուրստը, որը «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում ներկայացնում է Ավստրիան։ Ճիշտ է` քաղաքացիները երգչուհու անունը չգիտեին, միայն նրան բնորոշում էին «էն թրաշով աղջկը» արտահայտությամբ. «Այդ անձը ընդհանրապես իրավունք չունի հեռուստացույցի առջև երևա, նրան չպիտի անցկացնեին եզրափակիչ փուլ», «Նա հոմոսեքսուալիզմի պրոպագանդա է անում, նրա ներկայությունն ավելորդ ա», «Հայաստանը ընդհանրապես չպետք ա մասնակցեր Եվրատեսիլին, որովհետև էտ մրցույթին մասնակցում ա «էն թրաշով աղջկը», ամեն անգամ ջղայնանում եմ իրա ելույթներից»,- YerevanNews.am-ին ասացին քաղաքացիները: