Մայիսի 10-ին ՊՆ N զորամասում գրանցված միջադեպի կապակցությամբ այսօր վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջեւան, այցելել դեպքի վայր: Տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջեւանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության պետերի, զորամիավորման, զորամասի հրամանատարների եւ բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները:
Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ, հանձնարարել պարբերաբար զեկուցել դրան առնչվող բոլոր տեղեկությունները եւ անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու եւ մեղավորներին գտնելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Yerevannews.am-ը մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջեւանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է: