2012թ. նոյեմբերի 30-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Իջևանի 54-ամյա բնակչուհի Կարինե Օթարյանին դատապարտել էր ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, և կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` դատապարտել 4 տարվա պայմանական ազատազրկման: Այս մասին գրում է թերթը` նշելով, որ մեղադրող դատախազ Վ. Առաքելյանը պահանջել էր 3 տարվա ազատազրկում:
Տավուշի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Կ. Օթարյանի դատավճռի դեմ:
2013թ. փետրվարի 25-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է մեղադրողի վերաքննիչ բողոքը`օրինական ուժի մեջ թողնելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Դատարանը հաշվի է առել ամբաստանյալ Կ. Օթարյանի առողջական վիճակը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելիս ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ չի նշել, այդ թվում` նրա հիվանդությունները:
Թերթը զուգահեռներ է անցկացնում նմանօրինակ մեկ այլ գործի հետ: Խոսքը Տավուշի մարզի Իջևան քաղաքի 54-ամյա բնակիչ Սարգյուլ Սիրեկանյանի գործի մասին է, ով նույնպես մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Ս. Սիրեկանյանը մեղադրվում էր` 2011թ. մինչև 2012թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Իջևան քաղաքի Չըռչռ կոչվող տարածքում, իր կողմից շահագործվող ճաշարանի հաճախորդ տղամարդկանց համար մարմնավաճառներ հրավիրելու մեջ:
2012թ. դեկտեմբերի 10-ին նույն դատարանի նույն դատավորը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման և կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` որոշել նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 4 տարի ժամկետով:


