Երգչուհի Եվա Ռիվասն, ով հայկական շոու բիզնես մուտք գործեց բավականին մեծ աղմուկով, անկեղծացավ ու անդրադարձավ հարցերի որոնց մասին մինչ այս լռել էր ու մեզ պատմեց Հայաստան կատարած իր հերթական այցի նպատակների մասին:
Դեռ 2009 թվականին շոու բիզնես կամ հայկական եթեր ներխուժած Եվա Ռիվասն աղմուկ բարձրացրեց իր ոչ հայկական արտաքինով, սեքսուալ կեցվածքով ու հայտնի «Թամամ աշխարհ» երգով:
Ինչպես նշում է երգչուհին` առաջին անգամ Հայաստան եկել է 1993 թվականին, ընտանիքի հետ ու ետ վերադարձել՝ առանց որեւէ բան պլանավորելու:

Չեի՞ք վախենում, որ Հայաստանում Ձեզ չեն ընդունի:


Անկեղծ ասած այդ մասին չէի էլ մտածել, եթե մտածեի, գուցե վախ լիներ, բայց ինչպես ասում են, եթե մարդը նպատակ ունի, ճիշտ ուղիներով կարող է հասնել դրանց, իսկ այս դեպքում ես ունեի նպատակ ու ամեն բան արեցի դրան հասնելու համար:
Այս դեպքում նպատակը Եվրատեսիլին մասնակցելն ու Հայաստանը ներկայացնելն էր: Ինչպես նշում է Եվան, Եվրատեսիլը շատ է փոփոխություններ մցրեց իր կյանք ու շատ բան տվեց իրեն:


Ի՞նչ փոխվեց ձեր կյանքում Եվրատեսիլին մասնակցելուց հետո:


Անխոս դա առաջին հերթին հայտնիություն էր, ճանաչվածություն աշխարհով մեկ, շատ հաճելի ծանրաբեռնված աշխատանքային օրեր, բայց կա նաեւ սրա վատ կողմը, դա դատարկությունն էր, որը ես զգացի մրցույթի ավարտից հետո: Մի քանի րոպեում կորում է ամեն ինչ: Եվրատեսիլի ավարտից հետո ես նույնիսկ որոշ ժամանակ դեպրեսիա եմ ապրել:


Իրեն չընդունելու կամ մրցույթից հետո թշնամիներ ձեռք բերելու պատճառները երգչուհին նույնպես գիտի.

«Ես տարբերվում էի բոլորից: Ես հայտնվեցի ինչպես կայծակը պարզ երկնքում: Առանց հայկական բեմում լիարժեք հաստատվելու և փորձի միանգամից բռնեցի դեպի «Եվրատեսիլ» ուղին, դրանով իսկ խանգարելով շատերին, ովքեր մինչ այդ աշխատել ու չարչարվել էին այդ մրցույթին մասնակցելու համար: Ես եկա ու աշխատեցի նպատակիս հասնելու համար`այդպիսով եւս ինձ համար թշնամիներ ձեռք բերելով: Այժմ Հայաստանում ընկերներ չունեմ, միայն մեկ ընկերուհի՝ Աննա Հովները, իսկ թշնամիներ արդեն ունեմ, բայց փորձում եմ հեռու մնալ շատերից, նրանք բոլորն էլ ինձ համար հարգելի անձնավորություններ են»:

Խոսելով պրոֆեսիոնալիզմի մասին` երգչուհին նշում է, որ մարդը կարող է սովորել երկար ժամանակ, համապատասխան կրթություն ձեռք բերել, բայց առանց ներքին կրակի, որը հատուկ է արտիստին, դժվար թե հնարավոր լինի երգիչ կամ երգչուհի դառնալ: Այնպես որ, վերջինս կարեւորում է ցանկությունն ու ձգտումը:
Չնայած այն հանգամանքին, որ Եվան իրեն համարում է համարձակ երգչուհի, երբեք հանդես չի գա այն ոճում, որն իրենը չէ:


«Չեմ կարող ասել, որ կա ժանր որում ես չեմ կարող երգել: Կարող եմ ցանկացած ժանրում փորձել ինձ, բայց իմ արտաքինն ու խարիզման համահունչ են ավելի դասական ու մեղեդային երգերին: Ես փորձել եմ ինձ անգամ R&B ոճում, բայց որքան էլ ստացվի, դա իմը չէ, այդ պատճառով էլ փորձում եմ իմ ոճին հավատարիմ մնալ: Դեպքեր են եղել, որ հրավիրված եմ եղել խնջույքի, կատարել եմ իմ երգերը, իսկ ավելի «ուրախ» բան կատարելու պատվերից հրաժարվել, որովհետեւ պարզապես չեմ կարող ուղղակի ուրախացնելու համար 6/8 ոճի երգեր երգել », – ժպիտով հիշում է երգչուհին:


Այս անգամ, ինչպես նշում է երչուհին, Հայասատան գալու նպատակը նորովի ներկայանալն ու կիսատ թողածը շարունակելն է: Նա պատրատվում է նոր տեսահոլովակ նկարահանել ու ալբոմ ձայնագրել, իսկ բեմը լքել առայժմ չի պատրաստվում, ավելին՝
«Պատրաստվում եմ մեռնել բեմում, ինչպես դա արեց Լյուդմիլա Գուրչենկոն»- փաստում է Եվա Ռիվասը: