Մայիսի 13-ին տեղի է ունեցել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հրադադարի հաստատման 20-ամյակին: Բանակի հրամանատարը անդրադարձել է 1994թ. մայիսին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությանը, այդ ընթացքում Արցախի զինված ուժերում իրականացված գործընթացներին, առաջնագծում և բանակցությունների սեղանի շուրջ հակառակորդի պահվածքին:
Մովսես Հակոբյանը խոսել է նաև անցած 20 տարիներին և հատկապես վերջին շրջանում իրականացված հաստիքակազմակերպական բարեփոխումների, ռազմատեխնիկական համալրման և արդիականացման ու կադրային հարցերի մասին՝ նշելով, որ դրանց արդյունքում աճել է պաշտպանության բանակի պաշտպանական ու հարձակողական ներուժը և այսօր այն շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրները:
Մամուլի ասուլիսի վերջում հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին բանակում տեղ գտնող արտակարգ դեպքերին և պատահարներին, ԵԱՀԿ ՄԽ գործունեությանն ու համանախագահների կողմից հնչեցվող առաջարկություններին և առաջնագծի ինժեներական կառույցների կատարելագործմանը: