Ադրբեջանը դժգոհ է «Եվրատեսիլ- 2014» երգի միջազգային մրցույթի արդյունքներից, համաձայն որի իրենց մասնակիցը ժյուրիի ձայներով 8-րդ, իսկ հեռուստադիտողների քվեով 21-րդ տեղն է զբաղեցրել, իսկ արդյունքում հայտնվել 22-րդ հորիզոնականում։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ITV հեռուստաընկերության «Մեծ բեմ» հաղորդման PR մենեջեր Նարիման Մամեդովի խոսքով՝ ժյուրիի և հեռուստադիտողների միավորների տարբերությունները կասկածի տակ են դրել վերջնական գնահատականների հաշվարկի հարցը։

«37 երկրների պրոֆեսիոնալ ժյուրին Ադրբեջանի ներկայացուցիչ Դիլարա Կյազիմովային բարձր է գնահատել՝ 8-րդ տեղ։ Սակայն արդյունքում նա հայտնվել է 22-րդ տեղում։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել»,-հարցրել է նա։

Ադրբեջանցիները պնդում են, որ մինչև եզրափակիչ Դիլարայի երգը բուքմեյքերների համոզմամբ լավագույն 12, անգամ՝ լավագույն 5 կատարումների մեջ է եղել, սակայն «չափազանց անհաջող 3-րդ համարի տակ հանդես գալու պատճառով հեռուստադիտողները չեն քվեարկել նրա օգտին»։