Այսօր տարածված նորաձեւ դետալներն իրականում շատ հին պատմություն ունեցող Հայ տեսակի մի մասնիկն է:

Հայկական զարդարվեստը մշտապես եղել է մասնագետների ուշադրության կենտրոնում: Շատերը դժվարացել են նույնիսկ պատկերացնել, թե ինչպես կարելի է քարի վրա «ասեղնագործություն» անել, կամ մանրանկարներ պատկերել, որի ամեն մի զարդանախշ մի իմաստ է արտահայտել: Զարդանախշերի պակաս հայկական արվեստը չի ունեցել:

Առհասարակ, բոլոր ժողովուրդներն էլ ստեղծել են իրենց զարդանախշերը՝ կապելով իրենց ավանդույթների, դիցաբանության հետ: Այսօր շատերն են փորձում տարբեր միջոցներով դրանք կրկին կիրառել իրենց արվեստում: Ճանապարհներից մեկն էլ նորաձևությունն է:

Այս առիթով հայկական շոու բիզնեսի վառ ներկայացուցիչներից մեկը՝ Սիրուշոն ոչ միայն օգտագործեց զարդերն իր տեսահոլովակներում, այլ նաեւ ստեղծեց իր առանձին հավաքածուն բաղկացած նմանատիպ զարդերից:

«ՊռեԳոմեշ» զարդերի հավաքածու թողարկելու միտքն երգչուհու մոտ ծագել էր դեռ վաղուց. «Երբ սկսեցի աշխատել «ՊռեԳոմեշ»-ի հագուստների վրա, կարևոր խնդիր էի դրել իմ առջև. ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձևության հետ: Հայ աղջիկներն օրեցօր գեղեցկանում են, ձգտում են մոտ լինել համաշխարհային տենդենցներին: Իմ ցանկությունն այն էր, որ միջազգային նորաձևությանը համապատասխան լինելով հանդերձ, նրանք լինեն ինքնատիպ և յուրահատուկ, ունենան իրենց խոսքն ու ասելիքը այսօրվա նորաձևությանը: Ըստիս, դա լավագույն ձևով կարելի է անել` օգտվելով ազգային հագուստի էլեմենտներից, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվում» նշել  է Սիրուշոն իր գրառումներից մեկում: