«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային և կառուցվածքային բազմաթիվ հարցեր, մեր երկրին ու բնակչությանը մտահոգող խնդիրներ:
«Մենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրությանը ներկայացրել ենք մեր տեսակետներն ու ծրագրերը և ժողովուրդը մեզանից մեծ սպասելիք ունի, իսկ ամենակարևորն այն է, որ մենք մեր խոստումներից ետ չենք կանգնելու, այլ ինչ խոստացել ենք, դա պետք է անենք: Այսօր բոլորը բողոքի ակցիան են անցկացնում և իրենց բողոքներն են ներկայացնում, մի օր վարսավիրները, մի օր ատամնաբույժները, ուսանողները: Հիմնական մեր աշխատանքն է, որ կարղանանք հանդիպել, լսել և օգնել նրանց` մատից փուշ հանել, որ մարդիկ իմանան, որ մեզ վստահելով ձայն են տվել ու լիարժեք իմանալով, որ այդ ձայնը տեղ է հասել: ժողովուրդը մեր թշնամին չէ, պետք է այդ հարցերը բարձրաձայնվեն և լուծում ստանան: Եթե որևէ մեկը կա այստեղ, որ եկել է պաշտոն ստանալու, ուրեմն ինքը կարող է հենց հիմա դուրս գալ այստեղից և իր հույսերը ինքը կտրի: Դուռը բաց է կարող է ինքը գնալ»,-իր խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը:
Նաիրա Զոհրաբյանը Գագիկ Ծառւոկյանին ներկայացրեց, որ իրենք խորհրդարանում բավականին ակտիվ են և շրջանառության մեջ են դրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Գագիկ Ծառուկյանն էլ դիմելով Նաիրա Զոհրաբյանին նշեց. «Տիկին Զոհրաբյան, որ դուք մեկ-մեկ զանգում եք և ասում, որ պարոն Ծառուկյան ո՞նց քվեարկենք, ես ասում եմ, ինձ մի հարցրեք: Կարևորը տեսնելով, որն անհրաժեշտ է երկրին, ժողովրդին, այդպես էլ քվեարկեք, որովհետև մենք չենք քծնում և արտոնություններ ստանալու խնդիր չունենք: Դուք քվեարկում եք այնպես, որ փողոց դուրս գալուց կարողանաք լիարժեք մարդկանց դեմքին նայել և հպարտ քայլել, ոչ թե տեսնելուց պախկվեք կամ վախենաք խորհրդարանի դռնից դուրս գալ»:
Ստորև ներկայացնում եք տեսանյութը.