Մայիսի 27-ից մինչև հունիսի 6-ը Հայաստանի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, անցկացնելու է 3 ընկերական հանդիպում:

Մայիսի 27-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ, մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպելու է Ալժիրի ազգային հավաքականին, իսկ հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Գերմանիայի ազգային հավաքականների հանդիպումը:

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար արդեն վաղվանից՝ մայիսի 21-ից, Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ Բեռնար Շալանդի գլխավորությամբ սկսում է մարզական հավաքը:

Մայիսի 21-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Մարզումի ավարտից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստներ 30 րոպե կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:

Մայիսի 22-ին և 23-ին հավաքականը կանցկացնի երկուական փակ մարզում՝ ժամը 10:00-ին և 17:30-ին, իսկ մայիսի 24-ին՝ մեկ մարզում՝ ժամը 18:00-ին»- այս մասին տեղեկացնում է sport.am