ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունը հաստատեց մեղադրյալի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Մեր ունեցած տեղեկություններով՝ Վ.Սեդրակյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ երեկոյան բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Նրան տեղափոխել են Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի:
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 01.02.2013թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով` Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Ձեռնարկված համապատասխան քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձ կատարելու կասկածանքով 2013թ. փետրվարի 7-ին ձերբակալվել են նախկինում 2 անգամ դատապարտված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:
Ձերբակալված Խաչիկ Պողոսյանի բնակարանից հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացած «Նագան» տեսակի թմբուկավոր ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակը:
Փետրվարի 10-ին Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սամվել Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` 2 ամիս ժամկետով: