YerevanNews.am-ը զրուցեց վրացագետ Ալիկ էրոյանցի հետ թուրք-վրացական հարաբերությունների մասին` պարզելու, թե ինչ փոփոխություններ են նկատվում երկու երկրների հարաբերություններում նախկին և ներկա իշխանությունների օրոք:

-Ինչպիսի՞ն էին վրաց-թուրքական հարաբերությունները Սահակաշվիլիի օրոք:
-Վրաստանի Հանրապետության անկախացումից հետո, Թուրքիան առաջիններից էր, որ ճանաչեց Վրաստանի անկախությունը 1991թվականի նոյեմբերի 1-ին: Այդ երկու երկրների միջև հարաբերությունները սկսել են զարգանալ հենց այդ ժամանակաշրջանից սկսած: Սակայն վրաց-թուրքական հարաբերությունները Սահակաշվիլիի օրոք առավել բարձր մակարդակի վրա դրվեցին: Հատկապես կարելի է նշել, որ դա սկսվեց 2008 թվականի վրաց-ռուսական հնգօրյա պատերազմից հետո, երբ մասնավորապես մեր տարածաշրջանում և վրաց-ռուսական հարաբերություններում լուրջ տեղաշարժեր տեղի ունեցան: Հարաբերությունները խզվեցին Վրաստանի և Ռուսաստանի միջև: Վրաստանում տնտեսական, էներգետիկ գործընկեր Ռուսաստանն իր տեղը զիջեց նոր խաղացողների` ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի: Ադրբեջանը գրավեց էներգետիկ ոլորտը, և մինչև այժմ նա մենաշնորհային դիրք է զբաղեցնում: Իսկ Թուրքիան տնտեսական համագործակցության ոլորտում է բարձր դիրք զբաղեցնում: Գոյություն ունի քարացած մի միտք, ըստ որի Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասնում է տարեկան 1,5 մլրդ դոլարի: Վրաստանի համար այս երկու երկրները շատ կարևոր նշանակություն ունեն:

-Ի՞նչ փոփոխություններ նկատվեցին վրաց-թուրքական հարաբերություններում Վրաստանում իշխանափոխությունից հետո:
-Երկու երկրների հարաբերություններում լուրջ փոփոխություններ տեղի չունեցան, սակայն եղել են հայտարարություններ, որոնք այս կամ այն չափով անդրադարձել են վրաց-թուրքական հարաբերությունների վրա: Նույնիսկ Սահակաշվիլին հաճախ հանդես է գալիս հայտարարությամբ, նշելով, որ անընդունելի են Թուրքիայի հետ սառը հարաբերությունները:
Վրացական երազանքի իշխանության գալուց հետո հայտարարություններ եղան Իվանիշվիլիի ու էներգետիկայի նախարարի կողմից, որ Ադրբեջանի փոխարեն այլընտրանք կարող է լինել Ռուսաստանը: Հաջորդ հայտարարությունը կապված էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծի հետ. նշվում էր, որ այն այնքան էլ շահավետ չէ Վրաստանի համար, սակայն կողմերը համաձայնության եկան հետագայում` փոխզիջման հիմքով: Փոխզիջումը պայմանավորված էր գնային քաղաքականության մեջ փոփոխությունների հետ, որը հիմնականում կապված էր Իվանիշվիլիի նախընտրական քարոզարշավի ժամանակ արված հայտարարությունների հետ, ըստ որոնց էլելկտրաէներգիայի գինը պետք է զգալի չափով նվազեր: Էլեկտրաէներգիայի գինն, իհարկե նվազեցվեց, սակայն՝ շատ չնչին չափով, ինչը չէր համապատասխանում վերը նշված խոստումներին: Այժմ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Վրաստանի համար կարևոր նախագիծ է. շինարարական աշխատանքները շարունակվում են, սակայն, ժամանակ առ ժամանակ, դեպքեր են գրանցվում, կապված այն բանի հետ, որ շինարարական աշխատանքներ կատարող անձանց ճիշտ ժամանակին աշխատավարձեր չի վճարվում, ազատում են աշխատանքից և այլն: Եթե համեմատելու լինենք Սահակաշվիլիի օրոք և այժմ վրաց-թուրքական հարաբերությունները, կարելի է ասել, որ պահպանվել է այն դրական դինամիկան, որը գոյություն ուներ. աճել են ապրանքաշրջանառության տեմպերը, ինչն այժմ Վրաստանի տնտեսության զգալի մասն է կազմում: Նոր իշխանությունները սկսեցին առավել բալանսավորված քաղաքականություն վարել: Դրա ապացույցն էր նախկին վարչապետ Իվանիշվիլիի այցելությունը Հայաստան, արվեցին հայտարարություններ ի նպաստ Հայաստանի, որոնք էլ հենց, որոշակի առումով, բացասականորեն անդրադարձան վրաց-թուրքական և վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա: 

-Նրանց համագործակցությունը համատեղ, հավասար շահերի վրա է հիմնված, թե՞ մի կողմն ավելի շատ շահեր ունի, քան՝մյուսը: 

-Թուրքիան և Ադրբեջանն աջակցում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը, միջազգային կառույցներում արտահայտում է վրացամետ դիրքորոշում: Երեք երկրների համագործակցությունը փոխշահավետ, գիտակցված տնտեսական համագործակցություն է:

-Ի՞ նչ միտումներ են սպասվում վրաց-թուրքական հարաբերություններում, և դա պայմանավորվա՞ծ է երկու երկրների պրոեվրապական քաղաքականությամբ:
-Իվանիշվիլիի իշխանության գալով հարաբերությունների դրական դինամիկան դադար ապրեց, նույնիսկ բացասական երանգներ ստացավ, բայց որոշ ժամանակ անց հարաբերությունները կրկին եկան այն մակարդակին, ինչ գույություն ուներ Սահակաշվիլիի օրոք, ուղղակի Սահակաշվիլին ավելի պրոթուրքական և պրոադրբեջանական, բացահայտ, վտանգավոր և ոչ ի նպաստ Վրաստանի քաղաքականություն էր վարում, իսկ ներկայիս իշխանություններն ավելի ադեկվատ են` գերադասելով տնտեսական և էներգետիկ բլոկում համագործացությունը: Կարելի է ասել, որ դա պայմանավորված է նրանով, որ երկուսի ճանապարհն էլ դեպի Եվրոպա է գնում:

Այսպիսով, կարելի է ասել, որ նկատելի փոփոխություններ տեղի չեն ունեցել վրաց-թուրքական հարաբերություններում, զարգացումը շարունակվում է ակնհայտորեն, իսկ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի տնտեսության համար ունեն շատ կարևոր նշանակություն... 

Հեղինակ` Սուսաննա Խլղաթյան