Թերթն իր այսօրվա համարում գրում է. «Երեկ Աժ-ն սկսեց Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության ծրագրի քննարկումը։ Ծրագիրը ներկայացնելու համար, ինչպես և նախատեսված է Աժ կանոնակարգ օրենքով, ամբիոնում հայտնվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով մոտ 20 րոպեանոց ելույթից հետո սկսեց պատասխանել պատգամավորների հարցերին ու միանգամից արեց աղմկոտ հայտարարություն։
Նա տեղեկացրեց, որ մայիսի 17-ին Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած սողանքի պատճառով Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է. և որ վթարից հետո Հայաստանը բնական գազի կարիքները հոգում է Իրանից գազ ներմուծելով. «Արդեն չորրորդ օրն է, մենք գազ չենք ստանում Ռուսաստանից և Իրանից բնական գազի օրական ներմուծումները հասցրել ենք 2 միլիոն խորանարդ մետրի, և այդ մասով ես լուրջ տրամադրված եմ և շատ եմ կարևորում Իրանի հետ մեր համագործակցությունը»,– պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հարցին պատասխանելիս ասաց Հովիկ Աբրահամյանը։

Սա, ըստ էության, շրջադարձային հայտարարություն է. Աբրահամյանը քիչ չի հայտարարում է, որ ներքին կարիքների համար Իրանից գազ է ներմուծվում Հայաստան, դեռ մի բան էլ ասում է, որ այս հարցում վճռական է տրամադրված Իրանի հետ հարաբերությունները խորացնելու համար»,- եզրահանգում է «Հայկական ժամանակը»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: