Ինչպես արդեն  տեղեկացրել էինք Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ ս.թ. մայիսի 15 – 30 - ը կազմակերպում է միջբուհական մարզամշակութային Ունիվերսիադա, “Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ” խորագրով  ունիվերսիադա:

 Մայիսի 20-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցան  Առաջին մարզամշակութային միջբուհական Ունիվերսիադայի պարի և շախմատի մրցույթները:

Մասնակիցները ներկայացան պարային տարբեր ու գեղեցիկ կատարումներով, իսկ շախամատով հետաքրքրված ուսանողներն ուժերը փորձեցին հենց իրենց համար կազմակերպված շախմատային մրցույթում:

Ապահովված առողջ մրցակցության շրջանակներում արձանագրվեցին հետեւյալ արդյունքները.

Պարի մրցույթում 3-րդ տեղը զբաղեցրեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, 2-րդ տեղը կիսեցին` Երևանի պետական համալսարանը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, իսկ 1-ին պատվավոր տեղը զբաղեցրեց Հայ – Ռուսական (Սլավոնական) համալսարանը:


Ժյուրիի կազմում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, “Կարին” անսամբլի գեղ.ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արթուր Ավագյանը, ՀՀ ՊՆ Մշակույթի բաժնի պետ գնդապետ Մանուկ Մանուկյանը, ՀՌՀ Մշակույթի տան տնօրեն Գեորգի Սարաջյանը:
Շախմատի մրցույթում տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.


3-րդ տեղը զբաղեցրեց Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը, 2-րդ տեղը` Երևանի պետական համալսարանը, իսկ 1-ին տեղը զբաղեցրեց Հայաստանում ֆրանսիական համալսարանը:


Հիշեցնենք, որ Ունիվերսիադան ընթանալու է 3 ուղղվածությամբ` սպորտային, մշակութային և ինտելեկտուալ: Մասնակից ԲՈՒՀ-երի շարքում են նաև Արցախի պետական համալսարանը և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:
Ունիվերսիադայի խորագիրն է` “Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ”: