«Իրատեսական` խոստումների և ռեսուրսների առումով, խստապահանջ և ականջալուր` հանրային մտահոգությունների ու քաղաքական ուժերի բարձրացրած խնդիրների քննարկման առումով»,- այսպիսին է Հովիկ Աբրահամյանի բնորոշմամբ՝ կառավարության ծրագիրը, որը նա խորհրդարանում ներկայացրեց, խոստացավ, որ մարդիկ «փոփոխություն են զգալու» և հավելեց, որ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ»,- իր այսօրվա համարում գրում է «Առավոտ» օրաթերթը և հավելում. «Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ծրագրային առումով այս կառավարությունն ինչով է տարբերվելու նախորդից և ինչ փոփոխություններ են իրականացվելու կառավարության գործունեության մեջ, որի շնորհիվ կառավարության եռամյա ծրագրով տարեկան կապահովվի 5 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձը կհասցվի 65 հազար դրամի, իսկ աղքատությունը 35 տոկոսից կրճատվի մինչև 25 տոկոս: Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը նախ հայտարարում էին, թե մտադիր չեն կողմ քվեարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին։ Համենայնդեպս, նրանք այդպես ասում էին, սակայն միասնական որոշում չկար: «Հրաշալի քառյակը» փորձում էր ընդհանուր հայտարարի գալ կառավարության ծրագիրը մերժելու հարցում, բայց, ինչպես երևում է Հովիկ Աբրահամյանի կառավարության վստահության հարցը կանցնի մոտավորապես այնպես, ինչպես Գալուստ Սահակյանի քվեարկությունն էր»,- եզրահանգել է «Առավոտ»-ը:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: