Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է կայացրել առաջիկա երկու տարիների ընթացքում Ադրբեջանում վեհաժողովների ոչ մի հանդիպում չանցկացնել: Պատճառն այն է, որ ադրբեջանական իշխանությունները վերջին պահին չեղյալ էին համարել մայիսի 22-23-ը Բաքվում ԵԽԽՎ Բյուրոյի ու Մշտական խորհրդի նիստներին մասնակցելու նպատակով ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեին արդեն իսկ տրամադրված մուտքի վիզան:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հունիսի 1-ին: Այն չի գործի միայն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություններ իրականացնելու պարագայում: ԵԽԽՎ-ն ընդգծել է, որ տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի արտոնությունների ու անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի և Փարիզի արձանագրությունների խախտում, որոնք ապահովում էին կառույցի անդամների անձեռնմխելիությունն ու ազատ տեղաշարժը, գրում է Panorama.am-ը:

Նման արգելքը ԵԽԽՎ Բյուրոն կարող է հանել այն դեպքում, եթե ադրբեջանական իշխանությունները երաշխավորեն Ադրբեջանում գործարար վեհաժողովի համար ճամփորդություն իրականացնելու ժամանակ դրա անդամների տեղաշարժման ազատությունը:
Ռուքեն Լեռնային Ղարաբաղ այցելած ֆրանսիացի օրենսդիրներից է: Նա նաև ֆրանս-ղարաբաղյան բարեկամության խմբի անդամ է: ԼՂ այցից հետո Ադրբեջանը նրան persona non grata է հայտարարել: