Ռուսաստանն Ադրբեջանին 100 Т-90Ս տանկ է մատակարարել, հնարավոր է նաև նույն ծավալի ևս մեկ խմբաքանակ ուղարկվի Բաքու: Այս մասին «Կադեքս-2014» ցուցահանդեսում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բիրյուլինի խոսքով՝ երկրորդ խմբաքանակի մատակարարման պայմանագիրն առայժմ չկա, բայց հնարավոր է առաջիկայում կնքվի:

Т-90Ս տանկերի առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր 2011թ., և մատակարարման ուշացումը ռուսական կողմի մեղքով չի եղել, Ադրբեջանն է ուշացրել վճարումները:

Նշենք, որ Տ-90-ը հիմնական մարտական տանկ է, զանգվածը 46.5 տոննա է, տանկի վրա տեղադրված են 125 մմ 2Ա46Մ5 (արդիականացված 2Ա46) հարթափող թնդանոթ, ինչպես նաև թնդանոթին կցված ՊԿՏ 7.62 մմ ու զենիթային ՆՍՎՏ կամ Կորդ 12,7 գնդացիրներ: Տանկն ունի 1000 ձիաուժ հզորությամբ Վ-92 շարժիչ, այն անցանելիության չափորոշիչներով ոչնչով չի գերազանցում Տ-72 տանկերին:

Հավելենք, որ Հնդկաստանը 2014-ի մարտի սկզբին մրցույթ էր հայտարարել ՌԴ-ից գնած 600 միավոր Տ-90 տանկերի արդիականացման համար, քանի որ դրանք ունեին թերություններ և չէին բավարարում Հնդկաստանի ԶՈւ պահանջներին: