Մադրիդի «Ռեալը» ռեկորդային՝ 10-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային ակումբ: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:1 հաշվով հաղթեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»:

Լիսաբոնի «Դա Լուշ» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով, բայց ավարտվեց Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով: «Ռեալը» բավական ակտիվ սկսեց խաղը եւ հենց մեկնարկից ուներ տարածքային առավելություն: 9-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց «Աթլետիկոյի» լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան, ում փոխարեն խաղադաշտ դուրս եկավ իսպանացի հարձակվող Ադրիան Լոպեսը: «Աթլետիկոն» խաղում էր երկրորդ համարով, իսկ Կարլո Անչելոտիի թիմը չէր կարողանում ստեղծել վտանգավոր պահեր: Առաջին իրական գոլային պահը 32-րդ րոպեին էր, սակայն «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը շեղ հարվածեց հարմար դիրքից: Քիչ անց գործեց ֆուտբոլի չգրված օրենքը, եւ Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում գլխի հարվածով առաջ մղեց «Աթլետիկոյին»: Առաջին խաղակեսի միակ գոլում մեղավորություն ուներ նաեւ Արքայական ակումբի դարպասպահ Իկեր Կասիլյասը, ով սխալ հաշվարկեց դարպասից դուրս գալու պահը: