Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից ժամանակակից տեխնիկայի խոշոր խմբաքանակ գնել. գրում է haqqin.az-ը։ Տեխնիկայի որպիսության մասին ոչինչ չի հաղորդվում։

Հարավային Կորեան այժմ Ասիա զենքի ամենախոշոր մատակարարն է։ Բաքվի հետաքրքրվածությունը՝ հարավկորեական զինտեխնիկա ձեռքբերելու վերաբերյալ հնչեցվել է Հարավային Կորեայից պատգամավորիների՝ Ադրբեջան այցի ընթացքում։

Զենք գնելու բանակցություններն սկսվել էին դեռևս անցյալ տարի, երբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել էր Սեուլ։

2013թ.-ի օգոստոսին մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Բաքուն ցանկանում է գնել երկու ջրասույզ նավ, կործանիչ, տրանսպորտային նավ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլն։ Ընդհանուր գործարքի գինը, դրա կնքվելու պարագայում, կկազմի առնվազն 3 մլրդ դոլար։