«Հրապարակ»-ը գրում է. «Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը լավագույնս ապացուցեց, որ Ծառուկյան-Արգամիչ դաշինքի իշխանության գալուց հետո ՀՀԿ-ն այլևս առաջվանը չէ` խեղճացել է, ուժը կորցրել: Իշխող կուսակցության շաբաթօրյա համագումարը մի ԳՄ նիստի աշխուժություն ու հետաքրքրություն էլ չուներ: Հարկ չէին համարել ներկայանալ դրսի ՀՀԿ-ականները, որոնք նախկինում հազարավոր կիլոմետրեր կտրում-հասնում էին կուսակցության գլխավոր միջոցառմանը: Միակ «պատվավոր» հյուրը Սաշիկ Սարգսյանն էր, ով, ինչպես ՀՀԿ-ն, նույնպես առաջվանը չէր, չկար լրագրողների վրա հարձակվելու, սեռական բնույթի հայհոյանքներ տեղալու նախկին եռանդնը, անհասկանալի զուսպ ու լուռ էր, կարելի է ասել՝ անտրամադիր:Հովիկ Աբրահամյանի՝ օլիգարխներին հարկային դաշտ բերելու հայտարարությունների ֆոնին փոքր-ինչ հետաքրքրություն ներկայացնող մասնակիցներից էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով բերանը կողպել էր և նոր վարչապետին ու իրեն վերաբերող հարցերին պատասխանում էր խորիմաստ ժպիտով: Հյուրեր չկային ինչպես ներքաղաքական դաշտից, այնպես էլ դրսից: Իշխող կուսակցության համագումարի թշվառությունը ՀՀԿ-ականները բացատրում էին համագումարի հերթականը լինելով: Վստահեցնում էին՝ եթե նախընտրական լիներ, ապա մեսիջներով, հյուրերով ու ասելիքով հարուստ կլիներ: Անգամ սուրճն էին խնայել իշխող մեծամասնության ներկայացուցիչների համար:Դժգոհ ՀՀԿ-ականները ներսուդուրս էին անում մեկ բաժակ սուրճի մարմաջով ու փնթփնթալով դարձյալ մտնում դահլիճ: Իսկ ներսում առանձնապես բան չէր կատարվում՝ Սերժ Սարգսյանը վերստին ընտրվեց կուսակցության ղեկավար, քաղխորհրդի կազմն ընդլայնվեց մինչև 206 անդամ, իսկ գործադիր մարմնի կազմից դուրս մնաց Տիգրան Սարգսյանը՝ դիվանագիտական աշխատանքի գործուղվելու պատճառով: Համագումարի մեխը Սերժ Սարգսյանի ելույթն էր, որը թվում էր, թե նախկինների պես պետք է նվիրված լիներ իրենց չուզողներին ու չարակամներին: Սակայն այս անգամ նա «մեծահոգաբար» զերծ մնաց քաղաքական թշնամիներին փնովելուց ու վատաբանելուց»,- գրում է թերթը։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: