ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ստոյանգոլոն հայտնել է, որ մոտ օրերս Հայաստան կժամանեն առաքելության կազմում ընդգրկված ևս 30-35 դիտորդներ:
Ալեքսանդր Ստոյանգոլոն տեղեկացրել է, որ իրենց նախնական դիտարկումների համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությունն ապահովում է բոլոր հիմքերը` ժողովրդավարության միջազգային սկզբունքներին և նորմերին համապատասխան ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, կարևորելով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից պարբերաբար իրականացվող դիտորդական առաքելությունների դերը, ներկայացրել է տեղեկատվություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Կարևորելով ընտրական գործընթացների հրապարակայնության դերը հանրային վստահության մակարդակի բարձրացման հարցում` Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել ընտրողների ցուցակների ճշգրտման ու անճշտությունների վերացման հետ կապված աշխատանքները և ներկայացրել է ընտրողների ցուցակների հրապարակայնության ապահովմանն ուղղված միջոցառումները: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև տեղեկատվություն` Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումների, գրանցումների և նախընտրական քարոզչության ընթացքի վերաբերյալ: