Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը ադրբեջանական դիվերսիայի ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելն էր` ուշադրության կենտրոնում պահելով նրանց ապաքինման ընթացքը:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ՀՀ պաշտպանության նախարարը տեսակցել է մարտական գործողության ժամանակ գնդացրային և գնդակային տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին: Ժամկետային զինծառայողներ Տարոնիկ Ղուկասյանին, Գևորգ Կարապետյանին, Ռուզվելտ Թորոսյանին և Արայիկ Հակոբյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է գերատեսչական մեդալներով, հետաքրքրվել է նրանց առողջությամբ, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց ծնողներին:

ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է նաև վերջին օրերին մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Աշոտ Գրիգորյանի առողջական վիճակով և մաղթել արագ ապաքինում: