BBC կայքը հայտնում է, որ լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի որդուն՝ Էդինյոյին, դատապարտել են 33 տարի ազատազրկման թմրանյութերի անօրինական վաճառքից ստացված գումարների լվացման համար:
90 – ական թթ. Էդինյոն դարպասապահ էր «Սանտոս» ֆուտբոլային ակումբում, որտեղ նախկինում խաղում էր հենց ինքը՝ Պելեն: Էդինյոն խոստովանում է, որ ունի կախվածություն թմրադեղերից, սակայն հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքները:
Որոշումը կայացվել է Սան – Պաուլու նահանգի Պրայա – Գրանդի փոքրիկ ափամերձ քաղաքի դատավորի կողմից: Պելեի որդին առաջին անգամ ձերբակալվել է 2005թ. – ին՝ թմրանյութերի անօրինական վաճառքի և թմրաբարոնների հետ կապ ունենալու մեղադրանքով:
Մինչ այսօր էլ Պելեի 43 – ամյա որդին պաշտոնապես աշխատում է որպես ֆուտբոլային մարզիչ Սանտոս քաղաքում:
Էդինյոյի ձերբակալումը և նրա դեմ ներկայացված մեղադրանքները Բրազիլիայում առաջացրեցին զարմանքի ալիք: 73 - ամյա Պելեն մի քանի անգամ այցելել է որդուն բանտում, իսկ 2006թ. – ին նա ասել է.
«Աստված վկա արդարությունը կիրականացվի: Իմ որդու դեմ չկա ոչ մի ապացույց»:
Էդինյոն խոստովանում է, որ հայրը իր համար կուռք է հանդիսանում: