«168 ժամ» թերթը գրում է. «Երբ 2009 թվականին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ցյուրիխում ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, հայ քաղաքական, մտավորական, բանվորական, շինարար ու կազմաքանդիչ միտքը միացավ, համախմբվեց ու ծնեց «ցյուրիխյան ուրացում» արտահայտություն-դատավճիռը:

Այն, ինչ տեղի է ունեցել անցած շաբաթ Աստանայում, իրականում շատ ավելի վտանգավոր, շատ ավելի հայաստանակործան ու շատ ավելի անթույլատրելի է, քան հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող որեւէ թուղթ: Բայց անցած շաբաթվանից հետո այդ հարցի վերաբերյալ հայրենի ընդդիմադիրների ու ոչ իշխանականների լռությունը շատ ավելի ուժեղ է, քան Սերժ Սարգսյանինը՝ Նազարբաեւի դեմ դիմաց ու Պուտինի կողքին նստած ժամանակ: Իսկ եթե տեղ-տեղ այդ լռությունը խախտվում է, ապա ոչ ավելին, քան Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ «տհաճ, բայց ոչ վտանգավոր լինելու» մասին: Իսկ ընդդիմադիր որոշ ուժեր Աստանայի առթիվ ոչ միայն սովորական լռություն են արտահայտում, այլեւ առանձնակի, տեսանելի ու լսելի:

Ինչպես, օրինակ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Աստանայի հաջորդ օրը նիստ է հրավիրում ու քննարկում քաղբանտարկյալների սահմանման չափորոշիչների վերաբերյալ ՀԱԿ-ի դիրքորոշումը: Պուտինին ուղղված Զորի Բալայանի նամակն ուղղակի մանկամտություն է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս անթուղթ նամակի համեմատ: Ասել է թե, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ոչ միայն քեզ չենք հայհոյում Երեւանի փողոցներում, ինչպես խոստացել ենք, այլեւ չենք հայհոյում անգամ քո ու Ալիեւի «լավ ընկեր» Նազարբաեւին: Որովհետեւ ազգայինը՝ ազգային, պետականը՝ պետական, բայց հո մենք այնքան անշրջելի, ներեցեք՝ անշրջահայա՞ց չենք, որ համարձակվենք Հայաստանի ազգայինը դնել Ռուսաստանի ազգայինի կողքին: Ու որպեսզի այս ուղերձը տեղ հասնի ավելի գեղեցիկ ու ավելի անաղմուկ, ՀԱԿ-ն ընդամենը նիստ է գումարում ու Հայաստանի վրա հարձակմանը համարժեք սպառնալիքի առկայությամբ քննարկում է քաղբանտարկյալների մասին հարցը:

Բայց ՀԱԿ-ը միայնակ չէ իր լռությամբ: ՀԱԿ-ի հետ լռում են բարգավաճականները, առանց որոնց՝ ՀԱԿ-ը չէր կարող լռել կամ չլռել, լռում են դաշնակցականներն ու Ռուբեն Հակոբյանը: Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղուց է լռում: Ու որեւէ մեկը չի ասում՝ Աստանայի ուրացում: Որեւէ մեկը Ղազախստանի դրոշը չի այրում: Անգամ Էդվարդ Նալբանդյանի դեմ ոտնձգության կոչեր չեն հնչում: Մի խոսքով, լռում են բոլորը՝ Հայաստանի քաղաքական համակարգն ամբողջությամբ: Այդ լռությունն, իհարկե, տհաճ է, բայց ոչ վտանգավոր: Ռուսաստանի համար:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում