Այսօր իր ծննդյան օրն է նշում մեծանուն երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Նա ծնվել է 1955թ. – ի հունիսի 3 – ին՝ մեր հարազատ Երևան քաղաքում:
Առաջին անգամ Տաթևիկը մեծ բեմում է հայտնվել 70 – ական թթ. Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ և միանգամից գրավել է բոլորի ուշադրությունը: Խորհրդային տարիներին 9 տարի շարունակ նա քննադատների կողմից համարվել է լավագույն ջազ երգչուհի:
Իսկ արդեն 80 – ական թթ. նա կյանքի բերումով հայտնվել է ԱՄՆ – ում և սկսել բնակվել Նյու – Յորքում: Նրան հաջողվեց ջազի հայրենիքում նույնպես ապացուցել սեփական «ես» - ը, և այս բոլոր տարիներին հավատարիմ է իր կոչմանը` երգում է ջազ: Նա տասնյակ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ավստրալիայում, մասնակցել է միջազգային փառատոնների, ելույթ է ունեցել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են «Քարնեգի Հոլլ» - ը և «Լինքոլն Սենթր» - ը:
Նա նաև պայմանագիր է կնքել «Sony Classical» ընկերության հետ՝ հերթական հինգ ալբոմների ձայնագրման և թողարկման համար: Պրոդյուսերներին և մասնագետներին Տաթևիկի մեջ ամենից շատ գրավել է նրա աշխատասիրությունը, բարեխղճությունը, նվիրվածությունը և լավագույն արդյունքին հասնելու ձգտումը: Վերջին 2-3 տարիների ընթացքում երգչուհին մի քանի անգամ ջազ փառատոնների է մեկնել Ռուսաստան: