«168 ժամ» թերթի առաջնորդականում կարդում ենք. «Այս օրերին քննարկման բոլոր հնարավոր վայրերում՝ քաղաքական կուլիսներում, միջոցառումների սեղանների շուրջ ու շենքերի բակերի տաղավարներում Հայաստանի ընտրյալ ու ընտրող հանրությունը քննարկում է ոչ թե Եվրասիական միության անդամակցության, Նազարբաևի հայտարարության ու Ղարաբաղին սպառնացող վտանգներին վերաբերող հարցերը, այլ... գողականների՝ քրեական հեղինակությունների, «օրենքով գողերի» միջև վերջերս տեղի ունեցած ինչ-որ ընդհարում:
Այնպես որ, ամենաստորին հարթության գողականն ավելի ազդեցիկ է, քան ամենավերին մակարդակի պաշտոնյան, և հակառակը՝ ամենավերին հարթության պաշտոնյան ազդեցիկ է այնքանով, որքանով վայելում է գողականների հիերարխիայի վերինների հովանավորչությունը։ Սա Հայաստանում արդեն ավելի քան տասը տարի իշխանության ձևավորման մեխանիզմի հետևանք է: Գողականներն ապահովում են իշխանության պահպանումը և վերարտադրությունը, իշխանությունն ապահովում է գողականների անպատժելիությունը: Արդյունքում՝ ֆորմալ բոլոր ինստիտուտները փոխարինվել են քրեական հասկացություններով: Տնտեսական վեճերը լուծում են ոչ թե դատարանները, այլ «ախպերությունը», ոչ թե դատական նիստում, այլ «սխոդկայի» ժամանակ: Երկրում վերջին խոսքը պատկանում է ոչ թե որևէ դատավորի կամ նույնիսկ Սահմանադրական դատարանի նախագահին, այլ որևէ մականունավոր «պախանի»: Հանցագործներին իրականում պատժում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ մեկ այլ խմբավորման հանցագործներ, որոնք այդ պահին հովանավորում են համապատասխան իրավապահներին՝ նրանցից ստանալով «սամասուդի դաբրոներ»»,։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։