Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2014թ. հացահատիկային մշակաբույսերի անվտանգ բերքահավաքը և հրդեհավտանգ ժամանակահատվածում առաջացող հրդեհների դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող միջոցառումներին և 2013 թվականի և 2014թ. առաջին եռամսյակի ԼՂՀ ժողովրդագրական ցուցանիշներին վերաբերող հարցեր:
Համատասխան զեկույցներով և ելույթներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը և շահագրգիռ մարմիններին` քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Բերքահավաքն արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչև 2014թ. հունիսի 15-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձևավորել օպերատիվ շտաբ:
Կառավարությունը նաև հանձնարարական է ստացել շահագրգիռ մարմինների ներգրավմամբ հանգամանորեն ու խորությամբ քննության առնել ժողովրդագրությանը վերաբերող հարցերը, անհրաժեշտության դեպքում լրամշակել ԼՂՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագրի նախագիծը և այն ներկայացնել ԼՂՀ Նախագահին: