«Հրապարակ»-ն այսօր անդրադարձել է սահմանային դեպքերին՝ գրելով. «Սահմանին հնչած կրակոցների ու 18-20 տարեկանների մահվան դեպքերի մասին լուրերը մենք ստանում ենք այնպես, կարծես պատերազմը 1994-ին չի էլ դադարել: Սակայն եթե մինչ օրս զոհերի ու բախումների մասին լուրերը գալիս էին Ղարաբաղից, երեկ ռազմաճակատի գիծն անսովոր «մոտեցավ» մեզ: Կրակոցների օջախը Երասխն էր, իսկ զոհված պատանիները Երասխի զորամասում էին ծառայում՝ Արարատի մարզում: Երևանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու: Օրը ցերեկով՝ ժամը 3-4-ի հատվածում հակառակորդը կրակահերթերով ապակայունացրել է իրավիճակը: Այնպես, որ երեկ անգամ Երասխի բնակչության տեղահանման մասին էին խոսում: Երեկոյան արդեն ամեն ինչ խաղաղ էր, բայց ըստ պաշտոնական տեղեկատվության, երկու երիտասարդ է զոհվել՝ 1988 թ. ծնված Անդրանիկ Սամվելի Եղոյանը և 1992թ. ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը:Մեր տեղեկություններով, այդ նույն ժամին կրակահերթեր են հնչել նաև Ղարաբաղում: Այսինքն՝ հակառակորդը միաժամանակյա մարտական գործողություններ է ձեռնարկել: Եվ դա խոսում է այն մասին, որ պատերազմի շունչն առկա է տարածաշրջանում: Ու որքան էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարի, թե «միջադեպի մանրամասները ճշտվում են, ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ», միևնույն է՝ ոչ այս հերթապահ խոսքերը, ոչ անհաղորդ դեմքով հնչեցված ցավակցությունները, ոչ էլ խաղաղության ու կոնֆլիկտի կարգավորման խոստումները մեզ ոչինչ չեն ասում: Մի բան պարզ է, որ ոչ մեր իշխանություններն են ունակ այս հարցը լուծելու, ոչ Մինսկի խմբի համանախագահների «տուրիստական» այցերն են դրան նպաստում: Իսկ Մաքսային մտնելու գործընթացը ոչ թե անվտանգության երաշխիքներ է ստեղծել, այլ բախումների ու զոհերի քանակն է ավելացրել»: 

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։