«Առավոտ»-ը գրում է.
«Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Դեբեդ գետի վրա 33 փոքր ՀԷԿ է գործում, Աղստև գետի վրա 23 ՀԷԿ է կառուցված, չորս փոքր ՀԷԿ էլ Ախուրյան գետի վրա կա:
Մեղրի գետի վրա 8 փոքր ՀԷԿ կա, Ողջի գետի ավազանին՝ 14, Սևանա լճի ջրերով էլ 11 ՀԷԿ է աշխատում: Հինգ փոքր ՀԷԿ Որոտան գետի վրա է գործում: Այս ցանկը շարունակելի է: Մեր հանրապետության միայն 11 գետերի վրա միասին վերցրած 115 փոքր ՀԷԿ է գործում: Այսպիսի տվյալներ է ներկայացնում անկախ հետազոտող Վիկտորյա Բուռնազյանն իր «Փոքր հիդրոէլեկտրակայանների սոցիալ-էկոլոգիական ազդեցության վերլուծություն» զեկույցում: 11 գետերի վրա գործող 115 ՀԷԿ-երի միջին տարեկան արտադրանքը կազմում է 540 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա:
Եթե զարգացած երկրներում խրախուսվում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ դրանք դրական ազդեցություն են թողնում կլիմայի փոփոխության վրա, Հայաստանում փոքր ՀԷԿ-երը ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում՝ խախտելով էկո-համակարգի հավասարակշռությունը, «նպաստում» անտառների, ջրային ռեսուրսների կորստին, խթանում սողանքները, վերացնում կենսաբազմազանությունը:
Զեկույցի հեղինակը պարզել է, որ մեր երկրում փոքր ՀԷԿ-երի ֆինանսավորումը գրավիչ է նրանով, որ ապահովում է վարկի 100 տոկոսանոց մարում, էլեկտրաէներգիայի սպառման շուկայում մրցակցություն չկա, առկա է էլեկտրաէներգիայի համար բարձր սակագին, փոքր ՀԷԿ-երի շահագործման լիցենզիան տրամադրվում է 15 տարով: Վիկտորյա Բուռնազյանը, վկայակոչելով ՀՀ կառավարության 927-Ն որոշումը, Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երին թույլատրվում է գետից խողովակների մեջ վերցնել 90%-ից ավելի ջուր, մինչդեռ էկոլոգիական ստանդարտների համաձայն՝ գետից 20%-ից ավելի ջրառը բերում է գետի ճգնաժամային վիճակի, իսկ 40%-ից ավելին՝ աղետալի վիճակի:
Ավելի մանրամասնորեն թերթի համարում.