Հունիսի 6-ին Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում հանդիսավորությամբ նշվել է ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձը:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի», համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, պաշտպանության և առողջապահության ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ:
Երևանի պետական բժշկական համալսարանի` 1994 թվականին կազմավորված ռազմաբժշկական ֆակուլտետը տարիների հոլովույթում հաջողությամբ է կատարել իր առջև դրված խնդիրը, այն է` զինված ուժերի համար պատրաստել գիտակ ու հմուտ ռազմական բժիշկներ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ևս մեկ անգամ արժևորեց բուժծառայողների դերն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ պայմաններում:
Ռազմական բժիշկների աշխատանքը կրկնակի պատասխանատու է, քանի որ նրանց վիճակված է բուժօգնություն ցույց տալ հայոց բանակի զինվորին, բարձր պահել նրա մարտական վիճակը:
Դիմելով ռազմաբժշկական ֆակուլտետի սաներին, Սեյրան Օհանյանը հորդորեց, որ նրանք արդյունավետ օգտագործեն ուսման տարիների ընձեռած հնարավորությունները, յուրացնեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է լինելու գործունեության հետագա տարիներին:
Ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ոլորտի մի խումբ ներկայացուցիչների պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: