ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն իր խորը մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման հարցում ձևավորված պրակտիկայի վերաբերյալ:
Նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Արթիկ» ՔԿ հիմնարկ կատարած այցելությունից Խումբը պարզել է, որ մի խումբ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, որոնց հիմնական պահանջը, բողոքը կայանում է նրանում, որ Արթիկ ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նպատակահարմար չի գտնում միջնորդագիր ներկայացնելու դատապարտյալներին պատժից վաղաժամկետ պայմանականորեն ազատման, պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին:
Ըստ դատապարտյալների, գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ արգելք է դրված մի շարք հոդվածների վրա, մասնավորապես, պայմանական ազատում ընդհանրապես չի կիրառվում ՀՀ Քր. օր.-ի 104, 112, 113, 175, 176, 178, 179, 215, 266, 268 հոդվածներով: Մինչ այս բազմաթիվ ազատազրկված անձինք և նրանց հարազատները դիմումներ են ներկայացրելԽմբին՝ ներկայացնելով փաստարկված բողոքներ պայմանակն վաղաժամկետ ազատման ընթացակարգի արատավորված պրակտիկայի, որոշակի հոդվածներով դատապարտված անձանց նկատմամբ ըստ էության քողարկված արգելքի, պայմանակն վաղաժամկետ ազատման հարցերով հավանություն տվող «անկախ» հանձնաժողովի որոշումների չպատճառաբանվածության, ոչնչով չսահմանափակվող հայեցողության և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
Դիտորդական Խումբը բազմիցս անդրադարձել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործող համակարգի հիմնախնդիրներին: Խմբի անդամները պարբերաբար մասնակցում են վաղաժամկետ ազատելու նիստերին՝ դատապարտյալների խնդրանքով, որոնց ընթացքում ՔԿ հիմնարկների վարչակազմերի ներկայացուցիչների կողմից բազմաթիվ անգամ մերժվել են այդ թվում այնպիսի դատապարտյալների Պայմանական Վաղաժամկետ ազատման միջնորդություններ, ովքեր որևէ կարգապահական տույժ չեն ունեցել, փոխարենն ունեցել են բազմաթիվ խրախուսանքներ, ներգրավված են եղել ՔԿ հիմնարկներում գործող տարբեր խմբակներում:
Դատապարտյալի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորությունը նրա իրավական կարգավիճակի կարևորբաղադրիչներից մեկն է: Այդ կապակցությամբ գործող կարգավորումներն ու օրենսդրական հիմքերը կարծեք թե բավարար են համակարգնաշխատեցնելու համար, մինչդեռ գործնականում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում նկատելի են բազմաթիվ թերություններ:
Խմբի կողմից շարունակվելու են նշված հարցի ուսումնասիրությունները, ինչպես նաև շահերի պաշտպանության ընդհանուր միջոցառումներին զուգահեռ քայլեր են ձեռնարկվելու Պայմանական Վաղաժամկետ ազատման հնարավորությունից անհիմն զրկված կոնկրետ անձանց շահերի անհատական պաշտպանությանն օժանդակելու ուղղությամբ: