«168 Ժամ»-ը զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, ով ասել է. «Երբ դու ինչ-որ մի երկրի ձեռքն ես տալիս քո անվտանգության, տնտեսական, առևտրի ողջ համակարգը, դրանից հետո այդ մեկն ինչ ուզում` անում է, և դու այլևս հետաքրքիր չես նրա համար: Դրա վկան մայիսի 29-ինն էր: Հիմա այնպես ստացվեց, որ այնտեղ, որտեղ սպասում էինք, թե կպաշտպանվի Ղարաբաղը, ի լուր աշխարհի հայտարարեցին` եթե մտնում եք Եվրասիական միություն, առանց Ղարաբաղի պետք է մտնեք: Կներեք, դա մեզ համար ուղղակի կործանարար է։ Եթե Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ միասին միանար այդ ԵՏՄ-ին, Հայաստանի անդամակցությունն իմաստ կունենար, բայց եթե Ղարաբաղը չի միանում, մենք այնտեղ անելիք չունենք»: Քաղաքագետը նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ կարող է դրվել, քանի որ Մոսկվան այժմ փորձում է սիրաշահել Ադրբեջանին: Վերջինը, Ս. Գրիգորյանի կարծիքով, Ռուսաստանին «տալու բան ունի»` ի տարբերություն Հայաստանի, իսկ Հայաստանը այլևս հետաքրքիր չի Ռուսաստանի համար, որովհետև Ռուսաստանին է հանձնել իր վերջին խաղաքարտը. «Մեզ մայիսի 29-ին տշեցին այնտեղից, բայց մենք նորից ասում ենք` ուզում ենք մտնել, դրանից հետո պարզ է, որ դու այլևս արժեք չունես»:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։