Այսօր ակցիա տեղի ունեցավ Տերյան փողոցում գտնվող պատմամշակութային հուշակոթող համարվող Աֆրիկյանների շենքի դիմաց: Ակտիվիստները պահանջում էին չտեղափոխել այս շինությունը:
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել և տեղափոխել շինության դիմահատվաշծը` հավաստիացնելով, որ այն իր տեղը կգտնի այլ վայրում: Ակտիվիստները չեն հավատում քաղաքային իշխանության հավաստիացումներին, նրանք ասում են, որ քաղաքապետարանը տարբեր տարիներին ապամոնտաժել է և բարձիթողի վիճակում թողել 2 տասնյակից ավելի նման շենքեր:
Այսօր Աֆրիկյանների դիմաց հավաքվել էին 50-ից ավելի քաղաքացիներ: Նրանցից մեկը բարձրացավ շենքի վրա և ամենավերին հատվածից կախեց ՀՀԿ-ի քարոզարշավներից մեկի ժամանակ ծածանված դրոշը` «Ավելի ապահով Հայաստան» կարգախոսով:
Իր քայլը ակտիվիստը պատճառաբանեց այսպես. «Էս ա ապահով Հայաստանը, հենց այս ապահով Հայաստանում են քանդում նման շենքերը: Սա ՀՀԿ-ի ձեռքի գործն է»:
Ակտիվիստները հեռացան` խոստանալով ակցիաները շարունակել: Հաջորդը կլինի վաղը, նրանք ֆիլմ կդիտեն հենց Աֆրիկյանների դիմաց:
Լուսանկարը` Ֆոտոլուրի