Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար դոկտ. Օլավ Թվեյթի իր աշխատանքն սկսեց «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդակցությունը: Այն գումարվել է հրավերով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և հյուրընկալությամբ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու` ԵՀԽ-ում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի համանախագահության շրջանակներում:
Խորհրդակցությանը մասնակցում էին Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Եվրոպայի տարբեր երկրներից այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ: Խորհրդակցության բացմանը ներկա էին նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության, Գերմանիայի Դաշնության, Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Միացյալ Ազգերի Կազմակերպության ներկայացուցիչները, ՀՀ դիվանագետներ, Հայաստանի սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ:
Խորհրդակցության նպատակներին ու կարևորությանն անդրադարձավ նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը` ներկաներին փոխանցելով իր մտածումները Սիրիայում տիրող կացության և խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Ժողովականներին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի անունից ողջունեց Վաշինգտոնի Պատվո Արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Կարդինալ Թեոդոր Էդգար Մքքարիքը: Անտիոքի և Համայն Արևելքի Իգնատիուս Աֆրեմ Բ Պատրիարքի ուղերձը ներակներին փոխանցեց Արքեպիսկոպոս Դիոնիսիոս Ժան Կավաքը: Ողջույնի խոսքեր փոխանցվեցին նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Ուղղափառ Եկեղեցու, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի անունից:
Երկօրյա խորհրդակցության նիստերի ընթացքում կքննարկվեն հետևյալ նյութերը` «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական Աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում և Սիրիայում և դրանց հեռանկարները»:


