Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին և ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ հանդիպման համար և ներկայացրել բուհում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին մեր երկրում կրթության բնագավառում իրականացված բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք առաջիկայում ևս կլինեն շարունակական:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության զարգացումը և ընդգծել, որ Կառավարությունն աջակցելու է ոլորտի առաջընթացին միտված յուրաքանչյուր նախաձեռնության: Վարչապետն ընդգծել է, որ տարբեր բնագավառների բարձորակ մասնագետների պատրաստումը լինելու է Կառավարության ուշադրության կենտրոնում:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: