Երեկ Վանաձոր քաղաքի Չուխաջյան 36 հասցեում ինքնասպանություն է գործել 57-ամյա Ազատ Հայրապետյանը:
Կատարվածի կապակցությամբ թերթի թղթակիցը զրուցել է Ա. Հայրապետյանի մտերիմ ընկերոջ` Մ. Աղաբաբյանի հետ, ով տեղեկացրել է, որ ընտանիքն ապրում էր նորմալ սոցիալական պայմաններում, Ա. Հայրապետյանը Վանաձորի թիվ 17-րդ դպրոցում էր աշխատում` որպես ռազմագիտության ուսուցիչ, կրթված մարդ էր: Կինը 4 տարի առաջ մահացել է, և վերջինս ապրելիս է եղել տղայի հետ:
Ըստ թերթի տեղեկացման` Ա. Հայրապետյանի գրպանում երկտող է հայտնաբերվել` հետևյալ բովանդակությամբ. «Գրում եմ այս տողերը, որ իմանաք. ես հանցագործ չեմ և գող չեմ, բայց չգիտեմ, թե ինչու, ինձնով հետաքրքրվում են, ես սիրել եմ մի կնոջ, որի համար ես գժվում էի, մենք ուղիղ երկու տարի իրար սիրում էինք, բայց նա ինձ թողեց»:
Թերթի թղթակիցը զրուցել է նաև թիվ 17 դպրոցի տնօրեն Թ. Սաղաթելյանի հետ, ով նշել է, որ Ա. Հայրապետյանը երկու օր առաջ սիրտը բռնած եկել է դպրոց ու դիմում գրել` պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ ունի և պետք է գնա Երևան` բուժզննման:
Ոստիկանության Վանաձորի քննչական բաժնի ավագ քննիչ Վ.Մարտիրոսյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեպքի առթիվ նշանակել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատաձեռագրաբանական: Դատաբժշկի եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:


