Քայլում էի ինքնամոռաց, տարված իմ ստվերով, իմ պատկերի ու նրանում շարժումների արտացոլմամբ...

Խաբում էի ինքս ինձ կամ էլ պարզապես խաղում էի, կերպաներ ստեղծում, մատներով ուզածս պատկերում մի քանի վայրկյան ինձանով ուրախանալու համար, զարմանալու համար ու վերջապես չունեցածս կամ պատկերացրածս այդ ստվերում տեսնելու համար:

Տարվել էի այնքան, մինչեւ արեւն այնպես դուրս եկավ, որ մի ակնթաևթում կորավ ստվերս էլ, նրա հետ կապված կարճատեւ երջանկությունս էլ:

Տխրել էի սկզբում ու կրկին անարդարություն էի որոնում: Այս անգամ էլ բնության մեջ ու էլի իմ հանդեպ:

Բաժանումներն անկասկած դժվար են, անհնար-ի առկայություն, անկարողություն, մոռանալու հանդեպ վախ ու վերջապես կամքի բացակայություն: Այն ինչից ձգտում էի բաժանվել, արդեն իմն էր, իմ մեջ ու իմ մասնիկը:

Մարդ կամ թեկուզ երեւույթ, թեկուզ միայն անցյալում քոնը եղածը, միեւնույն է չես կարող, չես կարող բաց թողնել այն, ինչ ամուր սեղմել ես քեզ, դաջել սրտիդ ու ուղեղիդ: Մենակ մնալու վախ… մենակ մնալու վախ ու թուլակամ մարդու էություն, նրանք ամեն կերպ օգնում են, որ չմոռանաս, որ միշտ մեղավոր զգաս` չմոռանալու ու բաց չթողնելու համար:

Նման են իրար բոլոր բաժանումները: Այս մեկն էլ մնացածերի պես: Թեեւ բաժանումը լոկ մտացածին մի երեւույթից էր, մի անիրական ու կարճատեւ երջանկությունից` իմ ստվերից: ժամառաջ քայլում էինք միասին, տարված իրարով` թեկուզ առանց արեւ, թեկուզ առանց լույս, բայց գտել էինք ու շատ ամուր բռնել իրար:

Իսկ ինչ եղավ, դու նկատեցիր: Մի քանի վայրկայան ու արեւի հետ կորավ ստվերդ էլ, իմ երջանկությունն էլ:

Ես հասկանում եմ դու պիտի գնայիր, որովհետեւ հավերժ չէիր, որովհետեւ միայն խավար էիր,որովհետեւ դու կաս միայն, երբ ցուրտ կա օդում, երբ մրսում եմ ու, երբ մաշկիս է հասնում մենակության սառn օդը:

Դեռ վախենում եմ արեւի հետ մենակ մնալուց, վախենում եմ, որ ջերմությունն էլ օտար լինի, գիտեմ, որ բաժանման պես մի օր էլ կարոտից կխենթանամ: Գիտե~մ, զարմանալի է… բայց…

Կարոտը կստիպի ամեն օր հիշել ստվերդ էլ, կարճ երջանկությունս էլ:

Բայց գիտեմ, պետք չէ խուսափել արեւների հետ հանդիպումներից, կգրկեմ այդ արեւիս ու կմտածեմ, որ, երբ նա գնա էլի կարճ վայրկայանով դու ես գալու, սառը, կոպիտ , բայց գունավոր երջանկության ակնթարթ:

 

Հայկուհի Ջանիկյան

LoveYou.am