McDonald’s Corporation-ը ամերիկյան ընկերություն է, որը մինչև 2010թ.-ը հանդիսանում էր ամենախոշորը «արագ սննդի» ոլորտում: Ընկերությունը հիմնվել է 1940թ.-ին՝ Դիկ և Մակ Մակդոնալդ եղբայրների կողմից, Կալիֆորնիայում: Արդեն 1948թ.-ին առաջին անգամ ձևավորվեցին «արագ սննդի» հասկացության սկզբունքները:  Այս ընկերությունը նույնպես աշխատում է ֆրանչայզինգով ու առաջին ֆրանշիզան ձեռք է բերվել 1954թ.-ին՝ Ռեյ Կրոկի կողմից, որը հետագայում՝ 1961թ.-ին արդեն ձեռք բերեց այս ընկերության հետ կապված բոլոր իրավունքները: Այժմ ընկերության գրեթե 100% բաժնետոմսերը գտնվում են ազատ շրջանառության մեջ:

Ինչպես հայտնի է, դեռևս 2011թ.-ի հոկտեմբերից խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Երևանում կբացվի առաջին McDonald’s ռեստորանը՝ «Դալմա Գարդեն Մոլում»: Այս մասին հայտարարություն էր տվել նաև «Մեդիամաքս» ընկերության տնօրենը, ասելով, որ «Տաշիր խումբը» ներկայումս բանակցություններ է վարում ռուսաստանյան ներկայացուցչության հետ: Դեռևս այն ժամանակ մեզ վստահեցնում էին, որ այս իրադարձությունը տեղի կունենա շատ մոտ ապագայում:
Արդեն նշեցի, որ McDonald’s Հայաստան կգա ֆրանշիզա ձեռք բերելու միջոցով: Իսկ ֆրանչայզինգային պայմագիր կնքելը McDonald’s-ի հետ այնքան էլ հեշտ չէ: Այսինքն անհրաժեշտ է բավարարել որոշակի պայմաններ, որից հետո միայն McDonald’s-ը հայկական ընկերությանը կտրամադրի ֆրանշիզա: Նախ և առաջ գինը՝
Սկզբնական կապիտալը պետք է կազմի 950 հազ.-1.8 մլն $, Ֆրանշիզայի արժեքը՝ 45 հազ. $, ամսեկան վճարումները՝ 12.5%, իսկ պայմանագիրը կնքվում է 20 տարով: Իհարկե այս թվերը տարբերվում են ըստ երկրների, բայց միևնույն է համաձայնվեք բարեկամներ, որ սրանք իսկապես փոքր թվեր չեն:
Սակայն այսքանով չեն սահմանափակվում Ֆրանչայզինգի պահանջները: Ֆրանչայզինգ տրամադրելու պրոցեսը բավականին խստացված է և ընտրվում են գործընկերներ, որոնք ունեն բարձր նպատակաուղղվածություն, անձնակազմի կառավարման բարձր ստանդարտներ, կոմունիկացիոն հմպտություններ, լիդերության ուժեղ հատկանիշներ: Եվ բացի այս, տվյալ անձնավորությունը պետք է հանդիսանա McDonald’s-ի դեմք, բրենդի ներկայացուցիչ:
Եվ նույնիսկ սա էլ ամենը չէ: Նրանք պարտավորեցնում են ակտիվորեն մասնակցություն ունենալ հասարակական գործունեությունում, մասնակցել տարբեր հանդիպումների տարբեր երկրներում, կազմակերպել տարբեր միջոցառումներ և այլն:
Եվ վերջապես, բացի արդեն իսկ նշված այս բոլոր դժվարություններից, ռուսաստանյան ներկայացուցչությունից Ֆրանշիզայի ձեռքբերման ժամանակ առկա են որոշակի լրացուցիչ բարդություններ: Նշենք, որ Ռուսաստանը ֆրանշիզա վաճառելու իրավունք է ստացել միայն վերջերս և այնտեղ գործում են հետևյալ պայմանները՝ ընդհամենը մեկ կետ բացելու համար մուտքային կապիտալը պետք է կազմի 10 մլն ռուբլի, և բացի այդ, անհրաժեշտ է, որ տնօրենը անցնի ուսուցողական դասընթացներ, որոնք կտևեն 9 ամիս:


Սրանք են այն պատճառներն են, որոնք խանգարում են հանրաճանաչ McDonald’s-ին հայտնվել Հայաստանում: Կամ, ավելի ճիշտ այս պատճառները խանգարում են «Տաշիր խմբին» ձեռք բերել իրավունք հանդիսանալու McDonald’s ներկայացուցիչ Հայաստանում: Եվ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս բոլորին լրջորեն մտածել, թե արդյո՞ք մեզ անհրաժեշտ են ռեստորանների այս ցանցը: Բոլորին կարծում եմ հայտնի է «արագ-սննդի» վնասակար երևույթների մասին, որոնց դեռևս կանդրադառնամ: