Իշխանափոխությունից հետո Վրաստանում տիրող իրավիճակի մասին YerevanNews.am-ը խոսեց վրացագետ Արկադի Ակոպովի հետ:
-Իշխանափոխությունից հետո այնքան էլ շատ ժամանակ չի անցել, ինչպիսի՞ն է իրավիճակը Վրաստանում:
-Առաջին հայացքից թվում է, որ «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց հետո Վրաստանում նկատվող փոփոխությունները միայն բացասական ֆոնի ներքո են, և նոր իշխանությունը գլխավորապես զբաղված է Սաակաշվիլու վարչակարգի ներկայացուցիչների նկատմամբ հետաքննություններ կազմակերպելով և ինքնահաստատվելով: Սակայն, իրականում դա այդքան էլ այդպես չէ:
-Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այդ իրադարձությունից հետո:
-Վրաստանը Սաակաշվիլու օրոք ավելի ապահով էր: Այժմ փոքր մասշտաբի հանցավորությունը կրկին թափ է հավաքել (մանր գողություններ, խարդախություն, ակտիվացել են ջեբկիրները), որոնք Սաակաշվիլու օրոք ընդհատակ էին անցել: Բացասական փոփոխություններից կարելի է առանձնացնել գործազրկության մակարդակի ավելացումը. մասնավորապես նոր կառավարությունը կասեցրել է Սաակաշվիլու օրոք մշակված և մեկնարկած բազմաթիվ նախագծեր և չի սկսել իր ձեռնարկան նախագծերը, որն էլ իր հերթին խթանել է գործազրկությանը: Ես կուզենայի մեկ այլ բացասական երևույթ ևս առանձնացնել` խոսքը թմրամոլության մասին է: Եթե Շևարդնաձեի օրոք Վրաստանում թմրամոլները ցանկացած վայրում կարող էին թմրանյութեր օգտագործել, ապա Սաակաշվիլու օրոք դա վերացել էր պետկան մարմինների արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Խոսքը վերաբերում է ոչ թե թմրամոլության նվազման, այլ ազատության սահմանափակման: Այժմ, սակայն, այս ոլորտում ևս հետքայլ է նկատվում, որովհետև կրկին հասարակական տարբեր վայրերում, շենքերի շքամուտքերում, զբոսայգիներում նկատվում են ազատության սահմանափակման վերացման ապացույցներ:
Բնականաբար կան որոշ դրական տեղաշարժեր ևս, սակայն ընդհանուր բացասական այս ֆոնի վրա դրականը տեսնելը մի փոքր դժվար է:
-Ինչպիսի՞ն է վրաց բնակչության վերաբերմունքը նոր իշխանությունների ու տիրող իրավիճակի նկատմամբ:
-2012 թ. խորհրդարանական ընրություններից առաջ կար մի ստվար ընտրազանգված, որը մինչև վերջ դեռ չէր կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու և շնորհիվ Գլդանիի բանտում կատարվածի մասսայականացման, վրացական երազանքը հաղթանակ տարավ: Այժմ այդ նույն ընտրազանգվածը մեծամասամբ հիասթափված է, քանի որ ներկայիս իշխանություններից սպասված ակնկալիքները չեն արդարանում: Ուստի Վրաստանի ներկայիս իշխանությունների համար իսկական փորձաքար կարող են դառնալ հունիսի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
-Արդյո՞ք կպահպանվի Վրաստանի արտաքին քաղաքականության վեկտորի ուղղվածությունը դեպի Արևմուտք:
-Չնայած այն իրողությանը, որ Վրաստանը դեռ չի ստացել իր այնքան սպասված անդամակցությունը գործողությունների ծրագրին (MAP), այսուհանդերձ Վրաստանում չեն բացառում ՆԱՏՕ-ին անդամակցությունն առանց դրա` շնորհիվ Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի կամ Ամենամյա ազգային պլանի:
Եվրաատլանտյան ինտեգրացիան այսօր ևս Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է, և ոչ ոք մտադիր չէ առաջիկայում հրաժարվել դրանից: Կարելի է ասել, որ այս հարցը այն փոքրաթիվներից է, որտեղ նախորդ և ներկայիս իշխանությունների դիրքորոշումները համընկնում են:
-Ռուսաստանի հետ հարաբերություններում ի՞նչ փոփոխություններ են հնարավոր:
-Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու պնդմամբ, չնայած Վրաստանը որդեգրել է արտաքին քաղաքականության արևմտյան ուղղվածություն, սակայն շարունակելու է փորձել կարգավորել հարաբերությունները հյուսիսային հարևանի հետ: Բնականաբար, խոսքը չի գնում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, որոնք խզվել էին դեռևս 2008 թ., այլ տնտեսական և մշակութային փոխհարաբերությունների բարելավման, ինչի մի շարք դրսևորումներ այսօր արդեն իրականություն են դարձել: Մասնավորապես վրացական արտադրության գինիներն ու հանքային ջուրը վերադարձել են ռուսական շուկա:
Այսպիսով, Վրաստանում իշխանափոխությունից հետո բացասական երևույթներ են նկատվում, չնայած որ դրական երևույթներն էլ հաստատապես շարունակվում են: Կարևոր է նաև իշխանությունների նոր քաղաքական կուրսը` կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ,որը որոշ չափով իրականանում է հատկապես տնտեսական և մշակութային ոլորտում:
Հեղինակ` Սուսաննա Խլղաթյան