Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հունիսի 15-ին Վրաստանում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում կընտրվի 12 քաղաքապետ և 59 համայնքապետ: Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչությանը, անհրաժեշտ է նշել, որ 2013թ.-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններին նախորդած ժամանակահատվածի համեմատ ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ավելի ակտիվ են իրականացնում իրենց քարոզչությունը: Բանն այն է, որ Վրաստանի խորհրդարանի ընդունած «ՏԻՄ» մասին օերենքում կատարված փոփոխությունների արդյունքում ավելի լայն լիազորություններ են տրվում տեղական համայքներին, և պարզ է, որ ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքները փորձում են որքան հնարավոր է շատ շրջաններում հաղթանակ տանել՝ ապահովելով իրենց ներկայությունն ու ազդեցության տարածումը տվյալ բնակավայրերում: Ուստի սպասելի էր, որ նախընտրական քարոզչության հատկապես վերջին օրերին իրավիճակը կարող է լարվել: Արդեն իսկ արձանագրվել են դեպքեր, երբ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության ներկայացուցիչների կողմից ճնշումներ են գործադրվել ԿԸՀ ներկայացուցիչների վրա, ինչպես նաև վիճաբանություններ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցող թեկնածուների կողմնակիցների միջև: Վերոնշյալը բացատրվում է նաև նրանով, որ հիմնական պայքարը, ինչպես և նախորդ երկու ընտրություններին, ծավալվել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության միջև: Եթե ընտրությունների արդյուքները կանխատեսելու լինենք, ապա անհրաժեշտ է նշել, որ իշխող կոալիցիան մեծ շանսեր ունի հաղթանակ տանելու գրեթե բոլոր ընտրատեղամասերում, իսկ «ՄԱՇ» կուսակցությունը կարող է հավակնել մի քանի շրջաններում ընտրողների առավել ձայները հավաքելուն, որոնցից են օրինակ՝ ադրբեջանցիներով բնակեցված շրջանները, որտեղ դեռ որոշակիորեն պահպանվում է նախորդ իշխանությունների ազդեցությունը: