Տիգրան Վարդանի Պետրոսյանը ծնվել է 1929թ.-ի հունիսի 17-ին: Նա շախմատի կրկնակի աշխարհի չեմպիոն էր: Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար: Միջազգային կարգի գրոսմայստեր է (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ 

Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։

1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

1966 թ Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բ.Սպասկիին։ 1969 թ շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկիին։ 1971 - 1980 թթ շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։

Փարիզում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը (Ֆրանսիա), պատվավոր նախագահը' շախմատի միջազգային կազմակերպիչ Գագիկ Հովհաննիսյանը (Հայաստան), քարտուղարը' Հելեն Բայրամյանը (Ֆրանսիա):