Հետընտրական գործընթացը դեռ չի մարել: Գործող նախագահը հաղթել էր դեռևս ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյան:

«Նախագահը չի կատարել ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իր տված գլխավոր խոստումներից մեկը` օլիգարխիայի վերացումը իշխանություններից: Պետք է հստակ տարբերակել տնտեսական օլիգարխիան քաղաքական օլիգարխիայից: Հենց նրանք էլ խոչընդոտում են, որպեսզի կայանա երկխոսություն քաղաքական ուժերի մեջ»,-հավելեց Շիրինյանը:
Քաղաքագետի գնահատմամբ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը ընթացավ հայեցի: «Ր. Հովհաննիսյանը շրջեց բոլոր տարածաշրջաններով և խոսեց մտահոգ ժողովրդի հետ: Նա հավաքեց ընտրողների մոտ 40 տոկոսի ձայները: Այս մարդիկ իրենց ձայնը տվեցին մի մարդու, որի մեջ հույս տեսան»,-նշեց քաղաքագետը:
Հասարակության բորբոքված կրքերը հանգստացնելու համար ըստ քաղաքագետի` երկու կողմերի միջև պիտի սկսվի երկխոսություն, քանի որ քաղաքական լարված իրավիճակը կարող է բարելավվել միայն կողմերի փոխզիջումների և փոխհմաձայնեցման գալու դեպքում: Շիրինյանի կարծիքով, քաղաքական ուժերը գալիք 5 տարիների ընթացքում կարող են համատեղ կառավարել հանրապետությունը, եթե օլիգարխիան և դրսի ուժերը նրանց չխանգարեն: