«Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսված են արագության գերազանցման և մի շարք այլ խախտումների համար գործող տուգանքների նվազեցում, սակայն նաև անհամաչափ բարձր տուգանքներ՝ արագության էական գերազանցման դեպքում:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը՝ ներկայացնելով օրենսդրական փաթեթը, որի համար որպես հիմք ընդունվել է ԱԺ-ի կողմից այս տարվա մայիսի 22-ին հավանության արժանացած կառավարության ծրագրի այն կետը, համաձայն որի՝ Հայաստանում պետք է իրականացվեն ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման միջոցառումներ, ինչպես նաև ՃՈ ոլորտում պատասխանատվություն նախատեսող իրավախախտումների համար նախատեսել համապատասխան տուգանքների համաչափություն:

Ի դեպ, դեռևս այս տարվա մարտի 27-ին նախկին վարչապետի որոշմամբ, արդարադատության նախարարի ենթակայության տակ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը նույնպես քննության էր առել այս խնդիրը:

Նախագծով առաջարկվում է, որպեսզի արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսել 1000 դրամ տուգանք՝ յուրաքանչյուր 1 կմ/ժամ-ի համար։

Արթուր Օսիկյանի ներկայացմամբ, եթե վարորդը գերազանցել է արագությունը 1 կմ/ժամով, այս պահին նախատեսված է 10.000 ՀՀ դրամ տուգանք, իսկ նոր օրենքով՝ 1000 ՀՀ դրամ. «Այսօր նմանատիպ խախտման համար կարգազանց վարորդները կպատժվեն 1000 դրամով և համապատասխանաբար, եթե 2 կմ/ժամ գերազանցեն, կտուգանվեն 2000 դրամով»:

Թույլատրելի արագությունը 11-20 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսվում է յուրաքանչյուր կմ/ժամ արագության համար նախատեսվող տուգանքը բազմապատկել 1500 դրամի չափով:

«Oրինակ՝ եթե այսօր վարորդը 81 կմ/ժամ արագությամբ երթևեկելու դեպքում պատժվում է 30.000 դրամի չափով, ապա ներկայացվող նախագծի պայմաններում կլինի՝16.500 ՀՀ դրամ»,-տարբերությունը ներկայացրեց Արթուր Օսիկյանը:

Իսկ այն խախտումների համար, որոնք էապես վտանգ են ներկայացնում, այսինքն՝ էականորեն գերազանցում են սահմանված արագությունը, հենց Արթուր Օսիկյանի խոսքով՝անհամաչափ բարձր տուգանքներ են սահմանված՝ գործողի համեմատ: Օրինակ՝ ամենաբարձր տուգանքը՝ 500.000 ՀՀ դրամ, նախատեսված է թույլատրելիից 81 կմ/ժամ և ավելի արագությամբ ընթանալու դեպքում։

Թույլատրվածից 51-80 կմ/ժամով ավելի արագության դեպքում առաջարկվում է սահմանել 200.000 ՀՀ դրամ, արագությունը 31–51-ով գերազանցելու դեպքում՝100.000 ՀՀ դրամ:

Արթուր Օսիկյանը նկատեց, որ այս և նախորդ տարիների չորս ամիսների համեմատականը ցույց է տվել, որ այն վայրերում, հատկապես մարզերում, որտեղ տեղադրված են արագաչափեր, մահվան ելքով պատահարները 20-ով պակասել են:

Տուգանքների նվազեցում է առաջարկվում նաև լուսացույցի արգելող ազդանշանի կամ այսպես կոչված՝ կանգ գծի խախտման համար: Վերջինիս դեպքում գործող 10.000 դրամի փոխարեն տուգանքը նախատեսվում է դարձնել 5.000 դրամ:

Մեքենաների կայանման կանոնների խախտման դեպքում էլ է նախատեսվում տուգանքների նվազեցում։ Մասնավորապես, այն դեպքերում, երբ մեքենաները հատուկ տուգանային հրապարակ են տեղափոխվում, գործադիրը գործող 40.000 ՀՀ դրամ տուգանքը նախատեսում է դարձնել 20.000 դրամ, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի կետի տարածքում կանգառ կատարելու կամ կայանելու, կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու համար տուգանքը 10.000-ից դարձնել 5000 դրամ:

Տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելու խախտման դեպքում նախատեսվում է տուգանքը 20.000-ից դարձնել 15.000 ՀՀ դրամ»-գրում է tert.am-ը: