Շիրակի նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մի քանի օր առաջ է իմացել իր նոր պաշտոնի մասին:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Վերջինս նշեց, որ Շիրակի մարզում շատ դժվարություններ և խնդիրներ կան:
Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյո՞ք նորանշանակ մարզպետին չի անհանգստացնում այն, որ Շիրակի մարզում շատ է կրիմինալը և արդյո՞ք այն դժվարություններ չի առաջացնի իր համար, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց.
«Մարզպետի և մարզպետարանի աշխատանքը ժողովրդի սոցիալական վիճակի հետ կապված հարցի լուծումն է և ընդհանուր մարզի` գոյություն ունեցող կառույցների աշխատանքի կարգավորումը: Կրիմինալ ասվածը բոլոր տեղերում ինչ-որ չափով կա , բայց այդ ուղությամբ աշխատում են համապատասխան մարմինները, ոչ թե մարզպետարանը: Չեմ կարծում, որ դա ինձ համար դժվարություններ կստեղծի»:
Հարցին, թե ինչո՞վ է մարզպետի աշխատանքը գրավել Ֆելիքս Ցոլակյանին, պատասխանեց.
«Գայթակղելու բան չկա, աշխատանք է սովորական: Ես Շիրակից եմ ծնունդով և կուզենայի, որ իմ մարզում ինչ-որ բան կարողանայի անել: Ժողովրդի հետ աշխատելու ցանկություն ունեի»:
Շիրակի նորանշանակ մարզպետը պատահականություն համարեց Շիրակի վերջին երկու մարզպետների ուժային կառույցի ներկայացուցիչ լինելը:
Իսկ այն հարցին, թե ո՞րն է լինելու Ֆելիքս Ցոլակյանի առաջին աշխատանքը մարզպետի պաշտոնում, պատասխանեց.
«Ինձ հարկավոր է հասնել տեղ, քննարկել աշխատանքները և աշխատել լուծել որոշ հարցեր: Կադրային փոփոխություններ ես սովորաբար չեմ անում, աշխատանքի ընթացքում դա կորոշվի: Սկիզբը կլինի զուտ աշխատանքային ծանոթություններ: Էսօր դրա ժամանակը չի և չենք գնում էնտեղ ծանոթ-բարեկամի խնդիր դնենք»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նորանշանակ մարզպետի համար խնդիրներ առաջացնի, մարզպետը հավաստիացրեց, որ Վարդան Ղուկասյանը իր համար ոչ մի խնդիր չի ներկայացնում: Նրա հետ վերջինս նորմալ հարաբերությունների մեջ է:
«Ես չգիտեմ, ով ոնց է զգում, ինձ համար բոլոր մարդիկ էնտեղ հավասար են, ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ: Ճիշտ պահվածքի դեպքում բոլորը հավասար են»,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Վերջինս լրագրողներին վստահեցրեց նաև, որ չի պատրաստվում կուսակցական դառնալ, նույնիսկ այն դեպքում, եթե նման առաջարկ ստանա:
Նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանից ակնկալում է շնորհավորանք ստանալ:
«Ինչի Գիզիրյանին ի՞նչ է եղել, որ: Մինչև հիմա խոսել է հետս, էլի կխոսի»,-նշեց մարզպետը:
Հարցին, թե ո՞ր մարզպետի օրինակին կփորձի հետևել պաշտոնավարման ընթացքում, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց.
«Ամեն մարդ իր օրինակն ունի, չեմ փորձի տարբերվել: Կփորձեմ, եթե ինչ-որ մեկը լավ բան ունի, դրանք ընդօրինակել»:
Իսկ, թե ինչու հենց իր թեկնածության վրա կանգ առավ կառավարությունը, Ցոլակյանը դժվարացավ պատասխանել, բայց նշեց, որ ինքը միանգամից է համաձայնվել:
Ցոլակյանը վստահեցրեց, որ ինքը աշխատելու առաքելությամբ է գնում Շիրակի մարզ և այսուհետ տեղափոխվելու է այնտեղ:
Ըստ նրա, Շիրակի մարզի բնակչության սոցիալական ծանր պայմաններից բողոքելու պատճառներից մեկն էլ այն է, որ գյումրեցին ուզում է ապրել երևանցու նման և դա նրա բնավորությունն է:
«Գյումրին մի քաղաքային բնակչություն է և քաղաքային կյանքին սովոր բնակչություն: Գյումրեցին ուզում է ապրել երևանցու նման, ավելի վատ չի ուզում ապրել և ժամանակին ապրել է նման կյանքով, որն էլ ձգտելու առիթ է տալիս` ավելի բարեկեցիկ կյանք ունենալու համար»,-իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Շիրակի նորանշանակ մարզպետը խոստումներ, ժամկետներ չի տալիս, միայն նշում է. «Մի բան կասեմ, որ լինելու եմ արդար, մարդկանց հետ շփվելու եմ ազնիվ և բոլոր հարցերը լուծելու եմ խորհրդակցության միջոցով»:
Իսկ հարցին, թե իր նշանակումը ու՞մ համար է համարում մարտի 8-ի նվեր, կնո՞ջ, թե՞ գյումրեցիների, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց.
«Իմ տիկնոջ համար հաստատ չէ, բայց այ գյումրեցիների համար, կարծում եմ այո»:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալն էր: