«168 ժամ» թերթը գրում է.

«Մայիսի 29-ից հետո հայ հասարակության ստվար հատվածը և իշխանությունն ամբողջությամբ՝ առանձնակի դաժանությամբ քննադատում, անարգանքի սյունին էր գամում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Աստանայում կայացած գագաթաժողովի ժամանակ Հեյդար Ալիևի նամակն ընթերցելու համար: Այդ նամակը, որի ընթերցման ժամանակ լուռ էին ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև Ալեքսանդր Լուկաշենկոն ու անգամ Վլադիմիր Պուտինը, արտահայտում էր Ադրբեջանի պահանջն առ այն, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այնպես, ինչպես անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Հայաստանի իշխանությունների ու իշխանական քարոզչության կողմից տեղի ունեցածը ներկայացվում էր մոտավորապես այնպես, որ Նազարբաևը, ով ոչ միայն գործող Ալիևի, այլ նաև հայր Ալիևի ընկերն էր, դավադրաբար առաջ է տարել իր ընկերոջ երկրի շահը՝ ի հաշիվ Հայաստանի շահի: Այնքան դավադրաբար, որ բոլորը վերլուծում, հաշվարկում, աբստրահում են արդյոք Պուտինը տեղյա՞կ է եղել այդ նամակի մասին, ինչո՞ւ նա ձեռքը չխփեց եվրասիական սեղանին ու չհայտարարեց, որ անթույլատրելի է մեր ռազմավարական գործընկերոջ առաջ նման պայման դնել նրա ռազմավարական թշնամու պահանջով: Այսինքն՝ կատարվածը փորձ էր արվում մատուցել այնպես, կարծես Նազարբաևն անգամ Պուտինին է շրջանցել Ադրբեջանի շահը պաշտպանելու համար:

Կորչի Նազարբաևը, կեցցե Պուտինը: Բայց այդ դավադրության փուչիկը պայթեց: Նախ, հունիսի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ միայն ինքը, այլև Աստանայում գտնվող ՀՀ պատվիրակության տասից ավելի անդամներ այդ նիստի նախօրեին տեղյակ են եղել Ալիևի գրած նամակի մասին: Հայտարարեց այդ մասին ու չհայտարարեց այն մասին, թե տեղյակ, այսինքն՝ նաև պատրաստ լինելով՝ ինչո՞ւ չի պատասխանել ընկեր Նուրսուլթանին: Բայց դավադրությունն ավելի հիմնավորապես ի չիք դարձավ երեկ, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ուշադրություն դարձրեք, Բաքվում, հայտարարեց՝ Հայաստանը ԵՏՄ-ին կմիանա ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում, այսինքն՝ առանց Ղարաբաղի: Այսինքն՝ իրականում Նազարբաևն Աստանայում ներկայացնում էր ոչ միայն Ալիևի պահանջը, այլև Պուտինի պահանջը: Կամ՝ Ալիևի պահանջից հետո նաև Պուտինինը դարձած պահանջը, որն արդեն իսկ բավարարվել է»:

Իսկ ավելի մանրամասն կարող էք կարդալ թերթի համարում: