Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացմանը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է գիտաժողովի անցկացումը ժամանակակից տնտեսության զարգացման հեռանկարների քննարկման և նոր ուղիների բացահայտման առումով: «Ոգևորիչ է, որ Հայկական տնտեսագիտական միությանն այս տարիների ընթացքում հաջողվել է համախմբել տարբեր երկրներից և համալսարաններից գիտնականների, դասախոսների, ուսանողների և պետական մարմինների ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են իրենց նպաստը բերել Հայաստանի տնտեսական և սոցիալական ոլորտներում հետազոտական մտքի զարգացմանը:
Հատկապես ուրախ եմ, որ նման գիտական ֆորումներին իրենց մասնակցությունն են բերում սփյուռքի մեր հայրենակիցները, ովքեր արտասահմանյան հեղինակավոր գիտական կենտրոններում ձեռք բերած հարուստ գիտելիքներն ու փորձը սիրով փոխանակում են մեզ հետ: Այդ հանգամանքով է պայմանավորված նաև Հայկական տնտեսագիտական միության գիտաժողովների կենսունակությունը», - նշել է կառավարության ղեկավարը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայկական տնտեսագիտական միության, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մեծ ավանդը և լիարժեք ներգրավվածությունը մեր երկրի գիտահետազոտական կարողությունների զարգացման գործում:
Երկրի վարչապետն անդրադարձել է ՀՀ նոր կառավարության գործունեությանը՝ մասնավորապես, ընդգծելով. «ՀՀ կառավարությունը գալիք տարիների համար ակնկալում է տնտեսական շարունակական աճ: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը հասնելու լավագույն ճանապարհը տնտեսության, հատկապես մասնավոր հատվածի զարգացումն է: Հայաստանի կառավարության գործունեությունը նպատակաուղղված է լինելու ինովացիոն տեխնոլոգիաների և լայնածավալ ներդրումային ծրագրերի վրա հիմնված տնտեսության զարգացմանը: 
Այս գիտաժողովի ծրագիրն առնչվում է առևտրի, արդյունաբերության, ֆինանսների, աշխատաշուկայի, հանրային հատվածի, կրթության և այլ ոլորտների մարտահրավերներին: Դրանք ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի տնտեսության հիմնախնդիրներին, և ես վստահ եմ, որ քննարկումների արդյունքներն օգտակար կլինեն համապատասխան ոլորտներում մարտավարության մշակման արդյունավետության բարձրացմանը»:
Վարչապետ Աբրահամյանը բեղմնավոր աշխատանք է մաղթել գիտաժողովի մասնակիցներին և համոզմունք հայտնել, որ կայանալիք քննարկումները կլինեն հետաքրքիր և օգտակար, իսկ մթնոլորտը` նպաստավոր նոր գաղափարների առաջացման համար: 
Եռօրյա գիտաժողովի շրջանակում, որին մասնակցում են հայաստանցի, սփյուռքահայ և արտասահմանցի տնտեսագետներ, քննարկվելու են Հայաստանի տնտեսական զարգացմանը և մրցունակությանը, դրամավարկային քաղաքականությանը, միջազգային առևտրին, ֆինանսատնտեսական հատվածին և մի շարք այլ թեմաների վերաբերող հարցեր:
Հովիկ Աբրահամյանը ԵՊՀ-ում է
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					