Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բազմաթիվ գրականագետների ու արվեստագետների հետ միասին ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ թե ուշ» խորագիրը կրող գրքի շնորհանդեսին:

Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ գրասեր հասարակության դատին հանձնված ընտրանիում ներառված են արձակագրի լավագույն գործերը, որոնցով նաև ներկայացվում է ժամանակակից հայ արձակի և դրամատուրգիայի լավագույն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Վրեժ Իսրայելյանի ոչ միայն կերպարը, այլ նաև հոգեվիճակը: Գրքի շնորհանդեսին հաջորդել է արձակագրի հիշատակին նվիրված հուշաերեկոն: